Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 25-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հրապարակված Հանրակրթության պետական չափորոշիչի մասին նախագիծն իր մեջ պարունակում է մի շարք խնդրահարույց կետեր։
Այսօր հակիրճ կանդրադառնամ գնահատման համակարգին։
Նախագծի համաձայն՝ դպրոցներում ընթացիկ գնահատումն իրականացվելու է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով, ինչպես նաև քանակական (միավորային) գնահատման համար կիրառվող 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանալու անբավարար գնահատական և յուրաքանչյուր նիշ նկարագրելու է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Բացի դա մինչև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակը թվանշային գնահատում ընդհանրապես չի լինելու։
Առաջին հայացքից մարդասիրական թվացող այս մոտեցումը հղի է վտանգավոր հետևանքներով։
Գնահատումը հանելու դեպքում ոչինչ չի առաջարկվում որպես փոխարինող։ Պետք է ընդունենք, որ գնահատականը մոտիվացնում է երեխային։ Մինչև չգտնենք փոխարինող խթանիչ այլ գործոն, որը պետք է նաև փորձաքննություն անցած լինի, սխալ է թվանաշային գնահատումը հանելը։
Առավել վտանգավոր է անբավարար գնահատականի չգոյությունը։ Սա հանգեցնելու է համատարած անգրագիտության։ Աշակերտների մի ստված զանգված, որ ջանքեր գործադրում է վերաքննություն չհանձնելու, առավել ևս երկտարեցու կարգավիճակում չհայտնվելու (նույն դասարանում չմնալու) համար։ Որքան էլ հաճելի չլինի այս մեկնաբանությունը, միևնույն է, փաստ է, որ աշակերտների մի մասն այս հանգամանքով պայմանավորված փորձում է որոշ գիտելիքներ յուրացնել։ Անբավարար գնահատականի բացակայությունը աշակերտների այս խմբին այլևս չի տրամադրի թեկուզ նվազագույն գիտելիքներ ձեռք բերելուն։
Անշուշտ, լավ չէ, որ Հայաստանում դպրոցականների մի ստված զանգված հայտնվել է նման ռիսկի տակ։ Բայց խնդիրը լուծելու համար պետք է մտածել և մշակել սովորելը խթանող արդյունավետ մոտեցումներ։
Օրենսդրական առումով ևս գնահատման այս ձևաչափի կիրառման պարագայում առաջանալու են մի շարք խնդիրներ: Մասնավորապես, ոչինչ չյուրացրած սովորողի՝ հաջորդ դասարան փոխադրումը հակասում է կրթության բնագավառը կարգավորղ ՀՀ օրենսդրությամբ կրթության շարունակականության և հաջորդականության սկզբունքին, որտեղ, ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «Հանրակրթական ծրագրերի յուրացման արդյունքներն ամփոփվում են կրթական յուրաքանչյուր աստիճանի ավարտին: Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան»:
Անտրամաբանական է նաև տարբեր դպրոցներում գնահատման տարբեր համակարգերի կիրառումը, որը, օրինակ, լրացուցիչ դժվարություններ կառաջացնի սովորողի՝ դպրոցից դպրոց՝ տեղափոխվելու պարագայում:
շարունակելի...
Խաչատուր Ստեփանյան
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պ. գ. դ., պրոֆեսոր