կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-25 14:45
Քաղաքական

Ինչի՞ կարող է հասնել Րաֆֆի Հովհաննիսյանը

Ինչի՞ կարող է հասնել Րաֆֆի Հովհաննիսյանը

Թեեւ փետրվարի 18-ին  նախագահի ընտրությունից հետո երկիրը գտնվում է ակտիվ  քաղաքական փուլում, այնուամենայնիվ, այս ընտրություններն առանձնանում էին նրանով, որ մրցակցային բնույթ չունեին. փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

 

Նրա կարծիքով` առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն, չճանաչելով ընտրությունների արդյունքները, այլ կերպ է գործում, եւ քաղաքական գործիչները ոչ թե հայհոյում են միմյանց, այլ հանդիպումներ են ունենում ու զրուցում իրար հետ: «Այն, ինչ ունենք հիմա, փորձ է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրան սատարողների կողմից օգտագործել ընտրությունների արդյունքում ստացած ռեսուրսները հետագա քաղաքական լուրջ պայքարի համար: Իսկ ներկա պահին Ր. Հովհաննիսյանը եւ նրա գործըկերները փորձելու են երկարատև քաղաքական պայքար տանել»,- ասել է քաղաքագետը:

 

Նա նաեւ նշել է, որ յուրաքանչյուր քաղաքական գործչի նպատակը պետք է լինի հասնել իր ընտրազանգվածի շահերի օգտագործմանը: «Րաֆֆի Հովհաննիսյանն ունի ահռելի ռեսուրսներ, որոնք մինչեւ այժմ չի ունեցել ոչ մի քաղաքական գործիչ»,- ասել է  քաղաքագետը:

 

Սերգեյ Մինասյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնական նպատակ է դիտում Հայաստանի ներքաղաքական կյանքում ավելի լուրջ եւ կայուն դերակատարման փորձը: Նախագահի թեկնածուի խնդիրը հասարակության վստահությունը չկորցնելն է:  «Պայքարի ճիշտ ուղի ընտրելու դեպքում հնարավոր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կկարողանա մասնակցել Երեւանի ավագանու մոտակա ընտրություններին կամ կհասնի նրան, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն»,- ասել է քաղաքագետ Մինասյանը: