կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-28 13:58
Քաղաքական

Փաշինյանը դուրս է եկել իր վերջին հենարանի` անգրագիտության դեմ

Փաշինյանը դուրս է եկել իր վերջին հենարանի` անգրագիտության դեմ

Դեռևս ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում, անդրադառնալով կրթության խնդիրներին, նշել է, որ «մենք այսօր լրջագույն պրոբլեմ ունենք, մենք դրա մասին չենք խոսում, բայց 2019 թվականի հետազոտությունը ցույց է տալիս,  որ անգրագիտութունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն»:

Ուշագրավ է, որ Փաշինյանին սկսել է անհանգստացնել անգրագիտությունը, քանզի նրա իշխանությունը հենված է կրթական ցածր ցենզ ունեցող և անապահով խավի վրա, որոնց ավելի հեշտ է խաբելն ու մոլորեցնելը, ինչով որ զբավում է Փաշինյանն արդեն 4 տարի:

Դեռևս մոտ 2.5 տարի առաջ, երբ Հայաստանում քննարկվում էր Ամուլսարի շահագործման թեման, առաջարկվել էր այդ հարցը ներկայացնել հանրաքվեի: Սակայն փաշինյանական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ «չի ուզում, որ իր անգրագետ հարևան Պողոսն իր անգրագետ բազմամարդ ընտանիքով կարողանա նման որոշում կայացնել»: Բայց դրանից մի քանի ամիս անց իշխանությունները փորձեցին հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխություններ կատարել. այդ ժամանակ  պետք է փոխվեր միայն ՍԴ դատավորների ընտրության վերաբերյալ հոդվածը:

Այսպես, ըստ իշխանությունների տրամաբանության, «անգրագետ Պողոսը» չէր կարող որոշում կայացնել Ամուլսարի թեմայով, բայց կարող էր որոշում կայացնել ՍԴ դատավորների նշանակման հարցում: Հանրաքվեն կորոնավիրուսի պատճառով տեղի չունեցավ, փոխարենն իշխանություններն ապօրինի կերպով այդ փոփոխությունները կատարեցին ԱԺ-ում:

Բացի սրանից, նշենք, որ փաշինյանական իշխանությունները իրենց քառամյա կառավարման ընթացքում տարատեսակ պաշտոնների են նշանակել անձանց, որոնք չեն ունեցել համապատասխան կրթություն, դիպլոմ (կեղծ դիպլոմներով), չեն տարբերում արականն արուից և այլն:

2021 թ. հունիսի 20-ի ընտրությունները ցույց տվեցին, որ հազարավոր մահերի, վիրավորների, տարածքային կորուստների, անվտանգության խարխլման, տնտեսության անկմանը հանգեցրած իշխանություններին շարունակեց աջակցել հասարակության հենց այն խավը, որոնց ավելի հեշտ էր խաբել «արագաչափերն ու կարմիր գծերը կհանենք», «Նիկոլը պադավատով չի երթևեկում, կարմիր լույսի տակ է կանգնում», «Նիկոլը մեղավոր չէր, գրպանն են գցել», «նախկիններն են տարածքները տվել», «Նիկոլը 30 հազար զինվորի կյանք փրկեց»  և այլ ծայրագույն հիմարություններով:

Փաստացի, Փաշինյանը սեփական ձեռքերով կտրում է այն ճյուղը, որի վրա է արդեն 4 տարի:


Արգամ Եղիազարյան