կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-21 13:34
Քաղաքական

Իշխանության լռությունը՝ չարագույժ իրողության նախերգանք

Իշխանության լռությունը՝ չարագույժ իրողության նախերգանք

Հետաքրքիր ժամանակներում ենք ապրում. Հայաստանը թե' արտաքին, թե' ներքին քաղաքական գործընթացներում կանգնած է կարեւորագույն ջրբաժանի առջեւ, իսկ այդ մասին գոնե նրանք, ովքեր կոչված են այդ մասին պարզ ու հասկանալի խոսել, «համեստորեն» լռում են:

 

Ներքին քաղաքական զարգացումները դեռ մի կողմ, բայց Հայաստանի արտաքին հարաբերություններում մութ ամպեր են ուրվագծվում, ինչն առավել քան մտահոգիչ է: Խոսքը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մասին է: Այս հարցի կապակցությամբ Հայաստանում, բացի իշխանական մի նեղ շրջանակից, ոչ ոք ոչինչ հստակ չգիտի: Իսկ այդ նեղ շրջանակն էլ «գաղտնի» խաղեր է խաղում: Արդյունքում ստացվում է այնպես, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարում է, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կկայանա այս տարվա հոկտեմբերին, իսկ այսօր էլ News.am-ի հետ զրույցում նրա նախարարներից Կարեն Ճշմարիտյանը, պատասխանելով հարցին' մինչեւ հոկտեմբերի վերջը Հայաստանը կանդամակցի՞ ԵՏՄ-ին, նշում է. «Եթե մինչեւ հոկտեմբերի վերջը բանակցություններն ավարտված լինեն, ապա՝ այո: Ես հավանական եմ համարում, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ կապված համաձայնության կգա, սակայն թե ե՞րբ դա կլինի, չեմ կարող ասել»:

 

Այս առումով' Yerkir.am-ն էլ էր փորձել ԵՏՄ հիմնադիր անդամներից պարզել, թե ի՞նչ փուլում են Հայաստան-ԵՏՄ բանակցությունները, եւ ե՞րբ Հայկաստանը կանդամակցի ԵՏՄ-ին, արդյոք մաքսակետ կտեղադրվի՞ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ, թե՞ ոչ: Բելառուսն ու Ղազախստանն ընդհանրապես հրաժարվել էին պատասխանել մեր հարցերին, իսկ Ռուսաստանից' ՌԴ նախագահի մամլո ծառայությունից, Yerkir.am-ին հայտնել էին, թե հարցին դեռ պատասխան չկա:

 

Նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավորներն ու որոշ նախարարներ են խուսափում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ հստակ բան ասել' նշելով, թե դեռ բանակցություններ են ընթանում և այլն, և այլն:

 

Սա կոլեկտիվ անպատասխանատվության երեւո՞ւյթ է իշխանական վերնախավի կողմից, սեփական ժողովրդին' ընտրողներին, հաշվետու չլինելու սինդրոմ, թե՞ քաղաքական ձախողումները կոծկելու միտում, այս պահին դժվար է գնահատել՝ ինֆորմացիայի խիստ պակաս կա:

 

Բայց այս ամենի ֆոնին ուշագրավ է դառնում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի' ilur.am-ին տված հարցազրույցը, որում նա նշում է, թե իրականում Հայաստանի առջև հստակ խնդիր է դրված ԼՂՀ-ի հետ սահմանի ամբողջ երկայնքով մաքսակետեր տեղադրել, և իշխանությունները ներկայումս այս հարցն են փորձում լուծել:

 

Պաշտոնական Երևանն այս հարցին եւս հստակ պատասխան չի տալիս: Օրինակ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տարբեր առիթներով լսելով այդ հարցը, պարզապես հեռացել է' երբեք չպատասխանելով դրան: Եվ հիմա թեեւ իշխանության մեծ մասը ծովափերում ու էլ չգիտեմ՝ որտեղ վայելում է իր «վաստակած» հանգիստը, բայց հավանաբար այդպես էլ չի եկել այն գիտակցության, որ արտաքին քաղաքականության տիրույթում Հայաստանի գործերի հետ, մեղմ ասած, ինչ-որ բան այն չէ:

 

Մի բան հստակ է՝ ՀՀ իշխանությունների այսօրինակ լռությունը միշտ էլ ինչ-որ չարագույժ իրողության նախերգանք է եղել:

 

Գ.Ա.