Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանը ընդունել էր հայտարարություն 44-օրյա պատերազմի հետ կապված, որի մեջ օգտագործվել են ձևակերպումներ, որոնք անընդունելի են մեզ համար։ Խեղաթյուրված է Ղարաբաղյան հակամարտության էությունը, խեղաթյուրված է 44-օրյա պատերազմին վերաբերվող պատճառները՝ Ադրբեջանի վարքագիծը ներկայացված է այլ լույսի ներքո, Հայաստանի վարքագիծը՝ բացասական լույսի ներքո։ Հայաստանին պահանջներ են ներկայացվել, որոնք անընդունելի են մեզ համար, օգտագործվել են ձևակերպումներ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ներկայացված են պահանջներ, որոնք շանտաժային բնույթ ունեն։ Այս մասին Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Իրենք համարում են, որ Ղարաբաղյան հակամարտությունն այլևս չկա, մենք համարում ենք, որ դա այդպես չէ, իրենք օգտագործում են հայտարարության մեջ Արևելյան Զանգեզուր տերմինը, կրկին խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը մեզ համար անընդունելի է, դա չունի որևէ իրավական հիմք և լեգիտիմ չէ, իրենք խոսում են խաղաղության գործընթացի մասին, բայց ամբողջ հռետորաբանությունը ռազմատենչ է։ Մենք գտնում ենք, որ ՀՀ խորհրդարանը պարտավոր է ինստիտուցիոնալ մակարդակով պատասխանել Ադրբեջանին, պատասխանել համարժեք կարգավիճակ ունեցող պետական կառույցիմիջոցով՝ Խորհրդարանի կողմից, հակառակ դեպքում կստացվի, որ մեր լռությունը դառնում է համաձայնության կամ վախի նշան։ Եթե կա տեսակետ, որ մեր դիրքորոշումը կարող է հունից հանել Ադրբեջանին կամ հնրավարություն տալ, որ ինքը դիմի ուժի սպառնալիքին, ապա վերջին 2 տարվա քաղաքականությունը ՀՀ-ի և Ադրբեջանի ցույց են տալիս, որ Հայաստանի պատրաստակամությունը զիջողականության միջոցով հասնել խաղաղության չի արդարացվում, այլ ընդհակառակը բերում է, ոչ թե խաղաղության այլ պատերազմների»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ եթե հիմա էլ մենք լռության ենք մատնում այս ամենը և տեր չենք կանգնում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը առանց սահմանափակումների, չենք արձանագրում , որ Ադրբեջանի կազմում ԼՂ հայությունը ենթակա է ցեղասպանության և բնաջնջման, չենք արձանագրում, որ Հայաստանն ունի հանձնառություն ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի իրացմանը և անվտանգության սատարմանը, ապա դրանով ազատում ենք Ադրբեջանի ձեռքերը և հնարավորություն ենք տալիս նրանց էլ ավելի ախորժակով դիմել ոտնձգությունների ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
«Մեր հայտարարության մեջ հստակ արձանագրումներ են արվել առ այն, որ սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմը եղել է ԼՂ-ի նկատմամբ, Ադրբեջանը խախտել է այն սկզբունքները, որոնք ընդունված էին եռանախագահության հիմքում, մենք արձանագրում ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի, մյուս դաշնակիցների և վարձկան ահաբեկչների միջոցով հարձակվել է Արցախի վրա, իրականացրել են ռազմական հանցագործություններ, որոնք պատասխանատվության մասով ՀՀ-ն պետք է հետևողական լինի։ Մենք արձանագրում ենք, որ Շուշիի հռչակագրում նշված դրույթները հետևողականորեն կյանքի են կոչվում և դա սպառնալի է Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության համար, արձանագրում ենք, հայկական պատմամշակութային արժեքների նկատմամբ իրականացվում է վանդալիզմի քաղաքականություն, խեղաթյուրվում է պատմամշակութային արժեքների ծագումը։ Արձանագրում ենք, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի միջոցով։ Մենք դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական ռազմատենչ քաղաքականությունը և հայտարարում ենք, որ Ադրբեջանը պատավոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում անվերապահորեն կատարել ստանձնած պարտավորությունները, վերջ տալ հայատյացությանը բացառել ուժի կիրառումը և դրա սպառնալիքը, ինչպես նաև շանտաժի և ճնշումների միջոցով ցանկալի համաձայնագրերի հասնելու քաղաքականությունը»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը պարտավոր է իր Զինված ուժերը անհապաղ վերադարձնել մինչև մայիսի 11-12-ին եղած վիճակի ելման դիրքերը, պարտավոր են վերադարձնել հայ ռազմագերիներին և մեր զոհվածների աճյունները։