Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ Մաքսային միությանը միանալու մասին նախագահ Սարգսյանի հայտարարությունից հետո Հայաստանում պետք է վերարթնանային «ռըսի ոտի օրհնված էն սհաթի» մոտիվներով նոստալգիկ տրամադրությունները, գրեթե կասկած չէր հարցուցում: Եվ այնուամենայնիվ, թվում էր, թե անկախության անցած 22 տարիները այդ տրամադրությունները գոնե տեղավորած կլինեին ազգային պետական շահի և առհասարակ, պետական մտածողության շրջանակներում:
Պարզվում է, սակայն, որ այս առումով անցած տարիները պարզապես վատնվել են անիմաստ: Դա ապացուցեց հանրությանը քաջածանոթ գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, ով բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` վերջինիս գրեթե աղաչելով Ղարաբաղը ներառել Ռուսաստանի կազմի մեջ: Բալայանն իր այս «առաջարկը» հիմնավորում է 1813թ. Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Գյուլիստանի և 1828թ.` Թուրքմենչայի պայմանագրերով: Հիշեցնենք, որ այդ պայմանագրերով Պարսկաստանը համապատասխանաբար Ռուսաստանին հանձնեց նախ ներկայիս Հայաստանի հարավային, արևելյան և հյուսիսային շրջանները, Ղարաբաղը, հետո նաև` Երևանը և Նախիջևանը:
Եվ ահա ելնելով այդ պայմանագրերից` Բալայանը եզրակացնում է, որ ներկայիս Ռուսաստանը պարտավոր է տեր կանգնել այդ պայմանագրով իրեն որպես սեփականություն հանձնված Արցախին: «Գործնականում ողջ Հարավային Կովկասը պաշտոնապես գտնվում էր Ռուսաստանի կազմում: Այնպես որ, ճիշտ էր Ա. Սոբչակը. իրոք, չկա Ղարաբաղի խնդիր, կա Ռուսաստանի խնդիր»,- մեծ աղմուկ հանած իր բաց նամակում ասում է Բալայանը:
Սույն գրողը, ով իրեն իրավունք է վերապահում ազգային ու պետական արժանապատվությունը վիրավորող նման առաջարկով հանդես գալ մի ողջ ժողովրդի անունից, ակնհայտորեն մնացել է լավագույն դեպքում 1988 թվականում, երբ խիստ արդիական ու նույնիսկ խրախուսելի էր համարվում Կենտկոմի առաջին քարտուղարին նման նամակներ գրելը: Սակայն խնդիրը զուտ «ռուսաց թագավորին դիմելու» այս սինդրոմով տառապելու մեջ չէ:
Ակնհայտ է, որ Բալայանին ոգեշնչել է հատկապես հենց Մաքսային միությանը միանալու Հայաստանի իշխանության քայլը: Հակառակ դեպքում նրան ոչինչ չէր խանգարում Պուտինին ղարաբաղյան թեմատիկայով անհանգստացնել մինչև այդ: Թերևս հասկանալով, որ այդ միությանը միանալու պարագայում պարզապես օդից կախված է մնալու Լեռնային Ղարաբաղի ճանաչման ու Հայաստանի հետ նրա հարաբերությունների հարցը` Բալայանը Պուտինին հուշում է, որ Հայաստանին իր գիրկը վերադարձնելուց հետո պետք է նույն անել նաև Ղարաբաղի պարագայում:
Ու այդ միտքն ավելի համոզիչ դարձնելու համար նա հղում է կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի պանթուրքիստական պլաններին ու դրանցից Ռուսաստանին սպառնացող վտանգներին: Սակայն ողջ հարցն այն է, որ ղարաբաղյան հարցը համարելով Ռուսաստանի հարց, Բալայանն ընդհանրապես մոռանում է թե Հայաստանի, թե առավելևս Ղարաբաղի հարցի կամ ավելի ճիշտ` շահերի մասին:
Այնպիսի տպավորություն է, որ նամակի հեղինակը ոչ թե ինքնիշխան պետության ներկայացուցիչ է, այլ ինքնահաստատման խնդիր ունեցող Կովկասյան ինչ-որ ցեղախմբի: Աբսուրդն այն է, սակայն, որ Բալայանը դա անում է` ինչ-որ իմաստով կիրառելով պատմական մանիպուլյացիաների մեթոդաբանությունը: Երբ նա ԼՂ-ն հռչակում է Ռուսաստանի սեփականություն, օգտագործելով Գյուլիստանի պայմանագիրը, միտումնավոր անտեսում է այն հանգամանքը, որ այդ նույն տրամաբանությամբ Ռուսաստանի սեփականությունը պետք է համարվի նաև ողջ Հայաստանը: Այլ կերպ ասած` կամա թե ակամա, Բալայանն առնվազն կասկածի տակ է առնում Հայաստանի ինքնիշխանությունը, և այս տեսակետից նրա արածն այլ կերպ, քան` «դավաճանություն ազգային պետականության հանդեպ», չի կարելի որակել:
Եթե օրինակ Պուտինը հետևի Բալայանի` մոտ 15 էջ կազմող «դասախոսության» տրամաբանությանը, ապա կարող է շատ հանգիստ Հայաստանը հռչակել իր հարավային «գուբերնիաներից» մեկը: Դժվար է ասել` արդյո՞ք Բալայանը այս վտանգավոր խայծը նետում է միտումնավոր, թե սա պարզապես Ղարաբաղը ռուսական սապոգի օգնությամբ «թուրքական յաթաղանից» փրկելուն ուղղված միամիտ նախաձեռնություն է: Իրականում սա լուրջ հարց է:
Բալայանը պատահական մարդ չէ: Նա իշխանական նոմենկլատուրայի գաղափարակիրն է, ում շատ լավ են ճանաչում նաև Ռուսաստանում: Նրա խոսքը կարող է հնչել որպես պաշտոնական Երևանի ոչ պաշտոնական տեսակետ կամ առաջարկություն: Եվ եթե այս նամակը հրապարակվել է իշխանությունների գիտությամբ ու թույլտվությամբ, ինչը շատ հավանական է, ապա սա խոսում է բոլորովին այլ ու շատ ավելի վտանգավոր, տխուր եզրակացությունների տեղիք տվող իրողությունների մասին: Բայց նույն հաջողությամբ սա կարող է նաև լինել սադրիչ նախագիծ` բուն Ռուսաստանից:
Որովհետև ուղղակի թե անուղղակի, Բալայանն այս նամակով անում է այն, ինչ թե մինչև Հայաստանի կողմից ՄՄ-ին միանալու մասին հայտարարությունը, թե դրանից հետո, անում է Կրեմլի քարոզչական մեքենան` իր փորձագիտական հանրույթի միջոցով: Իսկ վերջինս իր խնդիրն է համարում համոզելը, որ բացի Ռուսաստանից, ո'չ Հայաստանը, ո'չ էլ Ղարաբաղը ապագա չունեն: Ավելին` նրանք համառորեն զարգացնում են այն գաղափարը, որ նորմալ է հանուն այդ ապագայի նաև անկախությունից ու ինքնիշխանությունից զրկվելը, որ հայերին անկախ պետականություն ունենալ պետք չէ: Սակայն եթե մինչ այսօր այս գաղափարը մեր վզին էր փաթաթվում դրսից, հիմա, փաստորեն, այն արվում է ներսից, մեր սեփական բալայանական ձեռքերով: Եվ այն փաստը, որ սույն գաղափարը հասունացվում է հենց Մաքսային միության ընդլայնմանը և Եվրասիական տնտեսական միության ստեղծման պրոցեսներին զուգընթաց, պետք է եզրակացնել, թե ինչ տեղ է վերապահվում մեզ այդ նոր աշխարհաքաղաքական բևեռում:
Հիմա ողջ հարցն այն է, թե ինչպես է բալայանական այս ինքնագործունեությանը արձագանքելու պետական իշխանությունը:
Գևորգ Աղաբաբյան