Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կամ Հայաստան, կամ նիկոլ․․․
Հայաստանում միջանցքի մասին խոսակցությունները մթագնեցին Արցախի շուրջ իշխանությունների ու միջազգային հանրության լռությունը։ Ադրբեջանին ինչ որ ճանապարհ կտրամադրվի, որով տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը կապահովեն ռուսները, ինչպես որ դա նախատեսված է նիկոլի կողմից նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթով։ Ադրբեջանցիք դա կկոչեն միջանցք, Հայաստանը կկոչի ճանապարհ։ Դա այդքան էլ կարևոր չի լինի, քանի որ միջանցքի սահմանում ուղղակի չկա։ Ադրբեջանը դա կներկայացնի որպես իր հաղթանակ, քանի որ ցամաքային կապով կկապվեն Ադրբեջանն ու Նախիջևանը, իսկ Թուրքիան կմիանա Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ։ Հայաստանը դա կներկայացնի որպես իր հաղթանակ, քանի որ այդ ճանապարհի վրա չեն լինի ադրբեջանցի զինվորականներ և ողջունող պաստառներ (ինչպես որ Շուռնուխի ճամփի վրա)։ Մարդիկ դրանով կհրճվեն ու կմոռանան, որ Արցախի կարգավիճակի հարցը մոռացվեց ու նիկոլական Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի 86,600 քկ․մ․ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է Արցախը․․․
Ինչպես որ կանխատեսել էի դեռևս սեպտեմբերի սկզբին, մինչև սեպտեմբերի 13-ին կարճատև սահմանային պատերազմը, որի ժամանակ մենք ունեցանք բազմապատիկ անգամ ավելի շատ զոհ քան 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, ադրբեջանցիք կշարունակեն «ցավեցնել» մեզ, որպեսզի հայ հասարակության մի զգալի հատվածում խորացնեն «ինչ ուզում են, շուտ անենք տանք, որ խաղաղություն լինի» տրամադրությունները։ Դա իհարկե համահունչ է նաև նիկոլի «խաղաղության դարաշրջանի» օրակարգին։«Ճանապարհը դեպի խաղաղություն ցավոտ է լինելու, բայց պետք է գնանք»։ Սա է իր քաղաքականությունը։ Դե որ ցավերը շուտ անցնեն, ուրեմն արագ պետք է Արցախը տանք Ադրբեջանին, որ խաղաղություն լինի։ Այնպես որ կլինեն էլի հարձակումներ, իսկ Հայաստանում, իշխանությունները կակտիվացնեն «խաղաղություն հաստատելու», այսինքն՝ Արցախից հրաժարվելու խոսակցությունները։
Այս սցենարը կանխելու միակ տարբերակը բանակը հզորացնելն է։ Իսկ նիկոլը երեկ ևս մեկ անգամ հաստատեց, որ բանակն ինքը չի կարող հզորացնել, քանի որ իրենից «փող են գցել ու զենք չեն տվել»։ Ի դեպ, եթե ինքը թվականները չի խառնում և հասկանում է հոգնակիի ու եզակիի միջև տարբերությունը, փող են գցել տարբեր երկրՆԵՐ, ներառյալ՝ դաշնակիցՆԵՐ։
Ուստի, նիկոլի հեռացումը ոչ թե իշխանության պայքար է, կուսակցական կապրիզ, այլ Հայաստանի ու Արցախի հանրապետությունները փրկելու օբյեկտիվ անհրաժեշտություն։
Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր