կարևոր
1993 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-09 12:58
Քաղաքական

Ադրբեջանի ԱԳՆ երեկվա հայտարարությունը հերթական ռազմական ագրեսիայի նախերգանք է

Երեկ Եվրոպական խորհրդարանում անցկացվեց «Արցախահայության իրավունքները և Եվրոպական միությունը» խորագրով խորհրդաժողով․ թե՝ ինչ կարևոր արձանագրումներ են արվել խորհրդաժողովին, Yerevan.Today-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

«Առաջինը՝ պետք է փորձենք խուսափել՝ Արցախում կատարվածը որպես էթնիկ զտում ներկայացնելուց, որովհետև ստացվում է, որ միջազգային իրավունքում էթնիկ զտումը չունի այն բարձր կարգի իրավաքաղաքական սահմանումը, ինչ ունի ցեղասպանությունը։ Փորձագետների կարծիքն այն է, որ մենք կատարվածը պետք է ներկայացնենք որպես ցեղասպանություն, այսինքն՝ կատարվածն ամբողջությամբ տեղավորվում է ցեղասպանություն հանցագոծության կոնտեքստում։

Երկրորդ արձանագրումն այն է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի լիազորում Բաքվին կատարել ցեղասպանական գործողություններ, տարածքը մաքրել բնիկներից և այլն»։

Ըստ Գևորգ Ղուկասյանի՝ Ադրբեջանը շարունակ այն քաղաքական գիծն է վարում, որ ղարաբաղյան հիմնախնդիր չկա։ Իսկ մեր դիտարկմանը, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները հաճախ ադրբեջանաթուրքական լոբբիստները, պաշտոնյաները որպես խաղաքարտ են օգտագործում, արդյո՞ք չի դժվարացնում դրսում Հայ դատի հանձնախմբերի աշխատանքը՝ նրանց հակազդելիս, մեր զրուցակիցն ասաց, որ Հայաստանի իշխանությունների անմիտ հայտարարությունները խոչընդոտում են Հայ դատի գործունեությունը՝ ադրբեջանաթուրքական լոբբինգին հակազդելիս։

«2020 թ․-ից հետո ստեղծվել է այլ վիճակ և Հայ դատը մարտավարական վերանայումների ընթացքի մեջ է»-,նշում է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատուն։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։