Փոխարժեքներ
27 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
2020 թվականի սեպտեմբերի 27-ը Հայաստանի պատմության մեջ թվագրվեց որպես Արցախյան 2-րդ պատերազմ, բայց ոչ թե հաղթական ելքով, ինչպես Արցախյան առաջին պատերազմի դեպքում էր, այլ՝ հատուկ ծրագրված պարտությամբ։
Համարելով, որ պլանավորած պարտությունը լիարժեք ծառայել է նպատակին, ՀՀ իշխանությունն իր լռությամբ ու անտարբերությամբ նպաստեց, որպեսզի իրագործվի թուրք-ադրբեջանական հրեշավոր 2-րդ ծրագիրը՝ Արցախի հայաթափումը։ Սա մեր պատմության ամենասարսափելի էջն էր։ Արցախի հազարամյա պատմության մեջ առաջին անգամ արցախցուն կտրեցին իր արմատից, իր դարավոր բնօրրանից՝ մի նենգ ու Արցախն ատող գոյացության քմահաճույքով։
Պատերազմի ճիրաններից մի կերպ փրկված արցախցին այսօր էլ է պատերազմում, բայց ոչ թե ադրբեջանցու, այլ արցախցու ինքնության հետ չհաշտվող Հայաստանի իշխանության հետ․․․ Եռաբլուրն այսօր էլ էր բազմամարդ, զոհված լույս տղաների կորուստը սգացող, Արցախի կորստի հետ չհաշտվող հայն էր եկել։
Բայց ինչպես երկու օր առաջ, այնպես էլ այսօր, պետական մակարդակով որևէ ուղերձ չհրապարակվեց, որևէ իշխանականի կողմից ափսոսանքի կամ կարեկցանքի խոսքեր չլսվեցին, փոխարենը ՄԻՊ Անահիտ Մանասյանը մի քանի տողանոց անշուք գրառում է արել, որտեղ չկան ո՛չ Արցախ, ո՛չ արցախցի, ո՛չ տարածքային կորուստ, ո՛չ հայրենակից, ո՛չ տեղահանված, ո՛չ էթնիկ զտման ենթարկված բառերը։ Փոխարենը գրված է․ «44-օրյա մարտական գործողությունների օրերին ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները խոր հետք են թողել հազարավոր մարդկանց ճակատագրերի վրա։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ մանդատի բոլոր գործիքակազմերով հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները՝ որպես կարևոր նպատակ ունենալով մարդու իրավունքների գերակայության, արժանապատիվ կյանքի, խաղաղ ու անվտանգ ապագայի երաշխավորումը»։
Տպավորություն է, ասես ՀՀ ՄԻՊ-ը գրառում է արել ոչ թե արցախցու, կամ իր հայրենակցի, այլ՝ անհայտ ծագման ինչ-որ խումբ մարդկանց մասին։ Ի դեպ, գրառումը հրապարակել է ժամը 16։00-ի սահմաններում, այն դեպքում, երբ Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան մի ամբողջ պատմություն է ձոնել այսօրվա մասին, տարածել պաշտոնական հայտարարություն ոչ թե կեսօրից հետո, այլ՝ վաղ առավոտյան։ Միգուցե ՀՀ ՄԻՊ-ն ադրբեջանցի գործընկերոջ հայտարարությունից հետո՞ է գլխի ընկել, որ ամեն դեպքում կարելի է անդրադառնալ օրվան։
Հերմինե Զեյնալյան