Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-04-04 16:41
Իրավական

Դատարանում Վազգեն Խաչիկյանի համար ''լավ տեղ'' էին պահել

Դատարանում Վազգեն Խաչիկյանի համար ''լավ տեղ'' էին պահել

Սովորաբար, դպրոցում գերազանց առաջադիմություն ունեցող կամ լավ վարքագիծ դրսևորող աշակերտներին ուսուցիչները նստեցնում են առաջին շարքում: Այն որոշ աշակերտների համար առաջինը լինելու կամ մյուսներից առանձնանալու չափանիշ է:

 

Մոտավորապես նման իրավիճակ էր ստեղծվել այսօր Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանում  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստին:

 

Գործը գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանի վարույթում և մինչ այժմ քննվել է այնտեղ:  Սակայն այդ դատարանի դահլիճները համեմատաբար փոքր էին նման մեծածավալ գործի քննությունն իրականացնելու համար: Մինչ այս  պաշտպանները դժգոհում էին, որ մի կերպ են տեղավորվում, ավելին` իրենց պաշտպանյալներից հեռու են գտնվում, ինչը խոչընդոտող հանգամանք է նիստի բնականոն ընթացքն ապահովելու համար: Դա էր պատճառը, որ դատավոր Մխիթար Պապոյանը որոշել էր սույն գործով նիստերն անցկացնել Աջափնյակի դատարանում:

 

Այսօրվա նիստին պետական բարձրաստիճան նախկին պաշտոնյաները հարմարավետ տեղավորեցին ամբաստանյալների աթոռներին: Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժինների նախկին ղեկավարները զբաղեցրեցին վերջին շարքը,  երկրորդ շարքում էին Սոցիալական ապահովության վարչությունների նախկին ղեկավարները: Իսկ պատվավոր` առաջին շարքում էր Սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանն` իր պաշտպանի հետ: Խաչիկյանին առաջին շարքում էին նստեցրել` գուցե հաշվի առնելով սոցիալական ապահովության ոլորտում նրա անգնահատելի «վաստակն» ու սերունդներին թողած զգալի «ավանդը»:

 

Արդյո՞ք ամբաստանյալների նորամուտը Աջափնյակի դատարան «խերով» է, պարզ կդառնա դատաքննության ավարտին, իսկ նախքան այդ տեսնենք, թե նախկին պաշտոնյան իրեն առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է թե՞ ոչ:  Խաչիկյանի պատասխանը դիտեք տեսանյութում: