կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-20 15:46
Իրավական

Մենք կյանք չենք տվել, ոչ էլ կարող ենք խլել. Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով ամբաստանյալները ցուցմունք տվեցին

Մենք կյանք չենք տվել, ոչ էլ կարող ենք խլել. Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով ամբաստանյալները ցուցմունք տվեցին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակվեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով հերթական դատական նիստը:

Այսօրվա դատական նիստում գործով երեք ամբաստանյալները ցուցմունք տալու պատրաստակամություն հայտնեցին՝ ասելով, որ իրենց մեղավոր չեն ճանաչում: Մասնավորապես` այս գործով ամբաստանյալ Վահան Հակոբյանը՝ Գաստիկը, հայտարարեց. «Ես հանցագործություն չեմ կատարել, ես սպանություն չեմ կատարել»: Նույնը կրկնեց գործով ամբաստանյալ Սարգիս Հախանումյանը: Իսկ ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանն ասաց. «Մենք սպանություն չենք կատարել, մենք կյանք չենք տվել, ոչ էլ կարող ենք խլել»:

Երեք ամբաստանյալներն էլ, օգտվելով իրենց դատավարական իրավունքից, հրաժարվեցին մեղադրող դատախազի հարցերին պատասխանել:

Մեղադրող դատախազը դատարանից ժամանակ խնդրեց միջնորդություն ներկայացնելու համար: Այդ հիմքով էլ այսօրվա դատական նիստը հետաձգվեց:

Նշենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, 2015թ. մարտի 4-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլեն) և Սարգիս Գրիգորյանը (Ծգլ), նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը` տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են: