կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 18:59
Իրավական

«Վերնիսաժ»-ի գործով երեք ամբաստանյալները հրաժարվեցին ցուցմունք տալ

«Վերնիսաժ»-ի գործով երեք ամբաստանյալները հրաժարվեցին ցուցմունք տալ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սպասվում էր, որ պետք է ցուցմունքներ տան անցյալ տարվա հունիսի 17-ին «Վերնիսաժ»-ում տեղի ունեցած միջադեպի գործով ամբաստանյալներ Վալերի Հովհաննիսյանը, Գոռ Առաքելյանը և Ներսես Մելքոնյանը: Սակայն երեքն էլ հրաժարվեցին ցուցմունք տալ:


Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդեց հրապարակել ամբաստանյալներից Վալերի Հովհաննիսյանիորպես վկա տված նախաքննական ցուցմունքը, որում, ըստ գործի նյութերի, Հովհաննիսյանն ասել է, որ Գոռ Առաքելյանը կրակել է իր փորին և ոտքին: 


Միջնորդության դեմ առարկեց Վալերի Հովհաննիսյանի  պաշտպանը՝ Արայիկ Ալվանդյանը, ով ասաց, որ պետք է նշանակվի դատաձեռագրաբանական փորձաքննություն, քանի որ իր պաշտպանյալը երբեւէ նման ցուցմունք չի տվել եւ կեղծվել է անգամ նրա ստորագրությունը: Վալերին էլ, իր հերթին, հայտարարեց. «Առաջին անգամ եմ տեսել Գոռին, ցուցմունք չեմ տվել, չգիտեմ` ով ա եղել»:

 


Արայիկ Ալվանդյանն այսօր դատարանին տրամադրեց Վալերի Հովհաննիսյանին վերաբերող տվյալներ, մասնավորապես` նշեց, որ նա խնամքի տակ ունի հաշմանդամություն ունեցող հայր, որի վերաբերյալ փաստաթղթերը կներկայացնի հաջորդ նիստերին: Փաստաբանի խոսքով` հարևաններն իր պաշտպանյալին բնութագրել են որպես չափազանց բարի և դաստիարակված անձնավորություն:


«Վալերին հարևանների և շրջապատի կողմից վայելում է միայն սեր ու հարգանք, աշխատասեր է և շնորհքով, ակտիվ մասնակցում է համատիրության կազմակերպած միջոցառումներին և հասարակական միջոցառումներին, ընկերասեր է և պատրաստ ամեն վայրկյան օգնել ընկերոջը թե’ նեղության և թե’ ուրախության ժամանակ»,- ասաց պաշտպանն` ընթերցելով համատիրությունից ստացված բնութագիրը:

 

Երեմ Սարգսյանն էլ միջնորդեց դատարան հրավիրել վկա Վահան Հակոբյանին: Դատավորը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 19-ին: