Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գիտականորեն ապացուցված է, որ կենդանիների զանգվածային ոչնչացումը հանգեցնում է տեսակի ագրեսիվացման և արագ զարգացման:
«Pro Paws» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը կարծում է, որ կենդանասերների առաջին խնդիրը քաղաքում այլևս ոչ մի թափառող և անտուն կենդանի չտեսնելն է, իսկ խնդրի լուծման միակ տարբերակը չի կարող լինել կենդանիների սպանդը: Միևնույն ժամանակ, նա նշում է, որ որքան էլ մեզ համար անսովոր է, սպանդը հանգեցնում է հակառակ ազդեցության` կենդանիներն ավելանում են` տեսնելով ցեղակիցների զանգվածային ոչնչացումը, սկսում են նոր թափով բազմանալ:
«Pro Paws»-ի հայաստանյան ներկայացուցիչը համոզված է, որ երբ սկսեն իրագործել թափառող կենդանիների գլխաքանակի վերահսկման գիտական ծրագիրը, որը հաստատված է ՄԱԿ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից, թափառող շների հետ կապված խնդիրները, ըստ էության, ամբողջությամբ կլուծվեն:
«Ծրագիրը չի արվում, որովհետև միշտ պատճառաբանում են ինչ-որ ռեսուրսների պակաս, չնայած վերջին յոթ տարիների ընթացքում թափառող շների հիմնախնդիրները լուծելու համար պետությունն արդեն չորս մլն դոլար է ծախսել»,- ասաց Արամյանը և հավելեց, որ խնդիրը լուծում չունի, որովհետև խնդրի լուծման արդյունավետ ճանապարհը գտնելու համար մեզ պետք են ոչ միայն մասնագետներ, այլ նաև դրսի փորձը:
Նա համարում է, որ խնդիրը լուծելու համար պետք է ունենալ հաստատված ռազմավարական ծրագիր, պետք է մանրամասն աշխատանք կատարել, բազա ունենալ, չիպավորել և ստերջացնել կենդանիներին, հետո վերադարձնել իրենց տիրույթ: Իսկ չափազանց հիվանդ և հասարակության համար վտանգ ներկայացնող կենդանիներին պետք է մարդասիրական ճանապարհով քնեցնել և դիակները անպայման դիակիզել: Նարե Արամյանը համոզված է, որ եթե մենք խնդրի լուծման համար ճիշտ ծրագիր ընտրենք, յոթ տարի հետո արդեն փողոցներում թափառող շներ չենք տեսնի:
Հետաքրքիր է, թե վերջին երեք տարիների ընթացքում որքա՞ն գումար է ծախսվել թափառող շների խնդրի լուծման համար և ո՞ւմ է վստահվել գործը: Այս և մի քանի այլ մանրամասներ Yerkir.am-ը փորձեց պարզել Երևանի քաղաքապետարանից: Այսպես` 2012 և 2013 թթ. Երևան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման նպատակով հատկացվել է 220-ական մլն դրամ, իսկ 2014-ին գումարը 20 մլն-ով պակասել է և դարձել 200 մլն դրամ, ինչը ևս մեծ գումար է (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար):
Թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունները ընտրվում են հայտարարված մրցույթում: Ուշագրավ է, որ վերջին երեք տարիների ընթացքում հաղթում է նույն ընկերությունը`«Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն, որը հայտարարված մրցույթում հայտ ներկայացրած միակ ընկերությունն է լինում: Չնայած շրջանառվող տեղեկություններին, որ «Յունիգրաֆ-Իքս»-ը շներին վնասազերծում է սպանդի միջոցով, «Յունիգրաֆ-Իքս»-ի լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը հավաստիացնում է, որ դա չի համապատասխանում իրականությանը:
«Մեր ընկերությունը թափառող շներին վնասազերծում է ստերիլիզացման և քնեցման միջոցով: Վնասազերծման այդ ճանապարհը ընդունված է ամբողջ աշխարհում: Մենք կենդանիներին վնասազերծման նպատակով հավաքում ենք հենց հանրության պահանջով»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Գրիգորյանը:
Սակայն մենք երեկվանից այդպես էլ չկարողացանք իմանալ, թե վերջին երեք տարիների ընթացքում քանի՞ շուն է վնասազերծվել, ստերիլիզացվել և քնեցվել, որովհետև «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի համապատասխան աշխատողը, Լիլիթ Գրիգորյանի հավաստմամբ, գտնվում էր արձակուրդում, ուստի մեզ տեղեկություն չկարողացան տալ:
Քաղաքապետարանի տված տեղեկությունների համաձայն` ըստ բժշկական հաստատությունների ներկայացրած տվյալների` Երևան քաղաքում թափառող կենդանիների կողմից տուժած քաղաքացիների թվի պատկերը հետևյալն է` 2011թ.` 496, 2012թ.՝ 151 և 2013թ.` մոտ 200: 200 մլն դրամ ստացող ընկերության համար թերևս մտահոգիչ պետք է լինի, որ թափառող կենդանիներից տուժածների թիվը այսպիսին է: Հնարավոր է` սրա մասին էլ իմանալու համար պետք է սպասենք մինչև վերոհիշյալ ընկերության աշխատակիցը վերադառնա արձակուրդից:
Էմմա Հովսեփյան