կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-03 13:37
Հասարակություն

ՀՔԾ-ն 500 հազար դրամ աշխատավարձ ստացող ևս յոթ քննիչի հաստիք է ավելացրել

ՀՔԾ-ն 500 հազար դրամ աշխատավարձ ստացող ևս յոթ քննիչի հաստիք է ավելացրել

Այսօր ԱԺ հանձնաժողովների նիստում քննարկվում էր կառավարության ներկայացրած՝ 2016թ. բյուջեի նախագիծը:

Զեկույցով հանդես եկավ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը: Նրան էր վերապահվել ներկայացնել հատուկ քննչական ծառայությանը բյուջեից նախատեսված հատկացումները: Հովհաննիսյանը նշեց, որ 2016-ի համար հատուկ քննչական ծառայությանն է հատկացվել 628,1 միլիոն դրամ, որը, նախորդի համեմատ, ավելի է 2,8 տոկոսով, իսկ այդ աճն էլ պայմանավորված է յոթ քննիչների հաստիքների ավելացմամբ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:

Նա նշեց նաև, որ 2015 թ. հատուկ քննչական ծառայության քննիչներն աննախադեպ ծանրաբեռնված են աշխատել:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե որքան է  հատուկ քննչական ծառայությունում աշխատող քննիչի աշխատավարձը: Վլադիմիր Հովհաննիսյանը պատասխանեց, որ հատուկ քննչական ծառայությունում աշխատելու համար քննիչները պետք է ունենան առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, և որ նրանց աշխատավարձը կազմում է մոտավորապես 500 հազար դրամ:

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարցրեց, թե ինչո՞վ է պայմանավորված հենց 7 հաստիքի ավելացումը: Վլադիմիր Հովհաննիսիյանը պատասխանեց, որ հատուկ քննչական ծառայությունում աշխատում է 28 քննիչ: «Յոթ քննիչի հաստիքի ավելացումը հաշվարկված է որպես նվազագույն պահանջի բավարարում, որովհետև մեկ քննիչի վարույթում գտնվում է միանգամից ինը կամ տասը գործ»,- պարզաբանեց նա:

ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ գնահատական հնչեցրեց, որ, ըստ զեկույցի, մեկ քննիչին բաժին է հասնում «մահացու ծանրաբեռնվածություն»: