Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձերի 10 տոկոսով բարձրացումը չի կարող էական ազդեցություն ունենալ ուսուցիչների աշխատանքի եւ մատուցվող ծառայությունների որակի վրա։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՅԴ Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:
«Հայաստանում այսօր աշխատում է 38.000 ուսուցիչ եւ նրանց միջին աշխատավարձն ավելի ցածր է, քան մեկ անձի գծով կենսաապահովման նվազագույն զամբյուղը, որը մեր երկրում արդեն հատել է 63.000–ի շեմը։ Այսինքն մենք ունենք մի իրավիճակ, երբ ուսուցիչների մեծ մասը, որոնք չունեն այլ եկամուտներ, աշխատելով միայն ուսուցիչ, դասվում են աշխատող աղքատների շարքը»,–ասաց նա։
Տնտեսագետի խոսքով՝ բազամաթիվ են դեպքերը, երբ 3-4 ուսուցիչ զբաղեցնում են մեկ կամ երկու հաստիք, այսինքն մեր երկրում փաստացի ուսուցչի 38.000 հաստիք չկա։
«Մեկ հաստիքը մոտավորապես ենթադրում է 80.000 դրամ աշխատավարձ եւ եթե 10 տոկոս բարձրացումը բաժանվում է 2-3 հոգու միջեւ, բնականաբար 25-30.000 դրամ ստացող ուսուցչի համար այդ բարձրացումը էական չի լինելու, քանի որ խոսքը 2000-3000 դրամի մասին է»,–ասաց նա։
Անդրադառնալով Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե ֆեյք կայքերի միջոցով տարածում էին, որ համատարած կրճատում են անում դպրոցներում, որ կարողանան աշխատավարձը 10 տոկոսով բարձրացնել, տնտեսագետն արձագանքեց.
«Ոչ թե ֆեյքերն են արձանագրում, այլ պաշտոնական վիճակագրությունն է ասում, որ այս տարվա կիսամյակի տվյալներով 3-4 տոկոսով նվազել է կրթության ոլորտի աշխատողների թիվը, բնականաբար նրանց մեջ են ուսուցիչները։ Ուսուցիչների թվի կրճատումը կառավարության օրակարգում է։ Կառավարությունում միշտ էլ բարձրաձայնել են, որ կրճատվելու է ուսուցիչների թիվը եւ ձգտելու են, որ մեկ հաստիքը զբաղեցնի մեկ ուսուցիչ։ Ամիսներ առաջ շրջանառության մեջ դրվեց օպտիմալացման վերաբերյալ մի փաստաթուղթ, որով նախատեսվում էր 8000-10.000 ուսուցչի կրճատել»,–ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ հենց այս փաստորեն են հիմք հանդիսացել, որ տարբեր լրատվականներ եւ փորձագետներ խոսեն հնարավոր էական կրճատումների մասին։
Ավետիսյանի խոսքով՝ արդյունավետության տեսանկյունից գուցե արդարացված է կրճատումը, սակայն պետք է հաշվի առնել օբյեկտիվ գործոնները։
«Պետք է հաշվի առնել, որ հեռավոր դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը քիչ է, տարբեր առարկաների գծով չի ձեւավորվում ամբողջական հաստիք, եւ ստիպված ուսուցիչը կես կամ ավելի քիչ հաստիք է զբաղեցնում։ Լավ օրից չէ, որ երկու–երեք ուսուցիչ մեկ հաստիք են զբաղեցնում, սա գալիս է մեր աշխատաշուկայի ընդհանուր լարվածությունից, երբ մարդիկ համաձայնում են չնչին աշխատավարձով աշխատել»,–ասաց նա։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե «25 հազար դրամ ստացող ուսուցիչը տալու բան ունի՞ մեր երեխեքին, թե չունի», Թադեւոս Ավետիսյանն ասաց.
«Ոլորտի պատասխանատուները վարչապետի գլխավորությամբ թերահավատորեն են մոտենում ուսուցիչների որակին։ Նման որակումը մտահոգիչ է, քանի որ շատ են փաստերը, երբ ուսուցիչները՝ հատկապես հեռավոր բնակավայրերում, աշխատում են 20-35 հազար դրամով ոչ թե գումարի համար, այլ հայրենասիրությունից դրդված, մասնագիտության նկատմամբ մեծ նվիրումով։ Ոլորտի պատասխանատուները գոնե պետք է այդ գիտակցումն ունենան ՝ հակառակ պարագայում մենք վիրավորած կլինենք այն բազմաթիվ ուսուցիչներին, որոնք օրնիբուն, ջանք չխնայելով մի քանի առարկաներ դասավանդելով կրթում են սերնդին»,–ասաց նա։
Ավետիսյանի կարծիքով՝ հնարավորինս կարճ ժամկետում պետք է շեշտակի բարձրանան ուսուցիչների աշխատավարձերը, որպեսզի արդյունքը լինի արտահայտիչ։
Բացի այդ, ըստ նրա՝ պետք է փոխվի աշակերտների թվի հիման վրա դպրոցներին ֆինանսավորում հատկանցնելու քաղաքականությունը, որպեսզի հնարավորություն լինի որոշակիորեն համահարթեցնել հեռավոր բնակավայրերի դպրոցների ֆինանսավորումը։
«Պետք է հեռավոր բնակավայրերում աշխատող ուսուցիչների աշխատավարձերն ավելի արագ բարձրանան, քան խոշոր քաղաքների դպրոցներում, որտեղ հաստիքներն ավելի շատ են եւ հնարավորությունն ավելի մեծ է բարձր աշխատավարձով աշխատելու»,–ասաց Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց բյուջեի եկամուտներն ու ծախսերը ավելացնել 1,665 մլրդ դրամով դրամով, եւ այդ գումարներն ուղղել սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով բարձրացնելուն: