կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-09 17:37
Առանց Կատեգորիա

Դեռ քանի՞ անգամ է Արթուր Բաղդասարյանը գլորելու իր նախագահական «քարը»

Դեռ քանի՞ անգամ է Արթուր Բաղդասարյանը գլորելու իր նախագահական «քարը»

Հուլիսի 18-ին «Օրինաց երկիր» կուսակցությունն անցկացնելու է հանրահավաք` երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և, մասնավորապես, էլեկտրաէներգիայի ու գազի թանկացման թեմայով: ՕԵԿ-ն այդ հանրահավաքն արդեն հռչակել է ազգային` կոչ անելով բոլոր քաղաքական ուժերին ու քաղաքացիական շրջանակներին` մասնակցել:

 

Իսկ մինչ այդ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել` բացատրելու հանրահավաք անցկացնելու շարժառիթներն ու նպատակները, հանդես գալու ծրագրային խոսքով և ներկայացնելու հինգ հիմնական առաջնահերթությունները, որոնց լուծմանն է ուղղված լինելու ՕԵԿ-ի առաջիկա գործունեությունը: Թե' հանրահավաքի անցկացումը և թե' ասուլիսի հրավիրումը կարելի է համարել նոր, ընդդիմադիր իմիջով հանդես գալու` ՕԵԿ-ի և նրա առաջնորդի «բենեֆիսը», որով տրվում է առավել ակտիվ ու թերևս համեմատաբար ավելի ագրեսիվ գործունեության մեկնարկը: Դա պայմանավորված է իրականում ոչ այնքան կոնկրետ այդ սոցիալ-քաղաքական խնդիրների լուծման հարցում ՕԵԿ-ի սկզբունքայնությամբ, որքան իշխանական «արմատներից» և անցյալի ստվերից ազատվելու ու ընդդիմադիր դաշտում ինքնահաստատվելու անհրաժեշտությամբ:

 

Բաղդասարյանի ներկայացրած հինգ առաջնահերթություններն էությամբ գրեթե կրկնում են ոչ իշխանական քառյակի հռչակած կոնսենսուսային պահանջները: Դրանցից մի քանիսը, մասնավորապես` ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու, փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը թեթևացնելու, գազի թանկացման հիմքերն ու պատճառները բացահայտելու հետ կապված, շրջանառության մեջ են արդեն ամիսներ շարունակ: Սակայն, լինելով իշխանական կոալիցիայի անդամ, ՕԵԿ-ը դրանք առանցքային խնդիրներ, կարծես, չէր դիտարկում` որդեգրելով «չեմ տեսնում, չեմ լսում և չեմ խոսում» գործելաոճը: Ընդհակառակը` ընդամենը ամիսներ առաջ նույն քաղաքական համակարգի առողջացման պատճառաբանությամբ ՀՀԿ-ին կցված ՕԵԿ-ը ջերմեռանդորեն մերժում էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցելուն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները` հայտարարելով, թե դեռևս դրա ժամանակը չէ: Նույն կերպ ներկայումս գազի թանկացման պատճառների բացահայտման խնդիր բարձրացնող ՕԵԿ-ը նախորդ տարեվերջին ատամներով էր պաշտպանում հայ-ռուսական գազային խայտառակ, նվաստացուցիչ և Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնող պայմանագրերի վավերացումը, դրանց մասին կառավարության հիմնավորումները: Այդ ժամանակ ՕԵԿ-ն առանձնապես մտահոգված չէր երկրում սոցիալ-տնտեսական վիճակի վրա այդ գործարքի հնարավոր ազդեցությամբ և հանրահավաք, այն էլ` համազգային ընդգրկման, անցկացնելու մասին չէր էլ մտածում:

 

Այն, որ ՕԵԿ-ի համար ժամանակները փոխվում են միայն իշխանականից ընդդիմադիր և հակառակ ուղղությամբ կարգավիճակային փոփոխությունների համաձայն, հայտնի է վաղուց` դեռևս 2006-2007 թվականներից, երբ, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից վռնդվելով իշխանությունից և մեղադրվելով դավաճանության մեջ, ՕԵԿ-ը նույն այս սխեմայով դարձավ այնպիսի թունդ արմատական ընդդիմություն, որ նույնիսկ հանրությանը համոզում էր, թե իշխանությունն իրեն փորձում է ֆիզիկապես ոչնչացնել: Թեև հիմա բանը դեռ դրան չի հասել, բայց ՕԵԿ-ի ներկայիս ակտիվացումները դեժավյու են առաջացնում և վերահաստատում այն պարզ իրողությունը, որ ինչպես կարմիր կովը կաշին չի փոխում, այնպես էլ ՕԵԿ-ը չի փոխում իր պոպուլիստական էությունը: Բայց տվյալ դեպքում էականը ոչ թե այս պրիմիտիվ և արդիականությունը կորցրած քաղտեխնոլոգիաների կիրառումն է, այլ դրանց հետապնդած մարտավարական և ռազմավարական նպատակները:

 

Կարճաժամկետ կտրվածքով ՕԵԿ-ը երկու զուգահեռ խնդիր է ուզում լուծել: Նախ` ոչ իշխանական քառյակին պարտադրել իր ներկայությունը ընդդիմադիր դաշտում և քաղաքական միջավայր ստեղծել սահուն կերպով այդ ձևաչափում ներգրավվելու, քառյակը հնգյակ դարձնելու համար: Սա ՕԵԿ-ի համար կարևոր է` քաղաքական օրակարգի ձևավորման մասնակիցը դառնալու և մարգինալացման վտանգից խուսափելու համար, քանի որ անցած երկու-երեք ամիսները ցույց տվեցին, որ քառյակն առանձնապես հետաքրքրված և խանդավառված չէ ՕԵԿ-ին իր գիրկն ընդունելու հարցում: Համապետական ընտրություններին դեռևս բավականաչափ ժամանակ կա, որը ինչ-որ կերպ չլցնելը կարող է կործանարար լինել կուսակցության համար: Եվ այս իմաստով ՕԵԿ-ը ձգտում է ընդդիմադիր դաշտում ռեաբիլիտացվել հենց քառյակի հաշվին: Հենց այս տեսակետից պատահական չէ ՕԵԿ-ի ներկայացրած 5 առաջնահերթությունների նմանությունը քառյակի պահանջների փաթեթին:

 

Բայց սրան զուգահեռ կուսակցությունը փորձում է, այսպես ասած, վերցնել արմատական ընդդիմության «ֆրոնտը»` օգտվելով այն առիթից, որ ավանդաբար այդ դաշտը հերկող հիմնական երկու խաղացողները` ՀԱԿ-ը և «Ժառանգություն>»-ը, աստիճանաբար դուրս են գալիս այնտեղից, և այդ հատվածում առաջացել է վակուում: Բայց արմատականությունը ՕԵԿ-ը դրսևորելու է ոչ թե քաղաքական իրական պահանջների ձևակերպման, այլ հասարակության սոցիալական պահանջմունքները շահարկելու և դրան ուղղված ակտիվ գործողությունների միջոցով: ՕԵԿ-ը փորձելու է ինչ-որ կերպ համոզել, որ իբր ստանձնում է քաղաքացիների սոցիալական իրավունքների քաղաքական պաշտպանության խնդիրը: Առաջիկա հանրահավաքի թեմատիկան ապացուցում է այդ իրողությունը: Այսինքն` հենց ակտիվության ցուցաբերումը, այլ ոչ թե պահանջների կատարմանը հետամուտ լինելն են լինելու ՕԵԿ-ի արմատականության արտահայտիչները: Այլընտրանք չկա, որովհետև, հակառակ դեպքում, ՕԵԿ-ի ղեկավարը վտանգի է ենթարկելու այն տնտեսական, բիզնես կապիտալը, որն ինքը և իր շրջապատը ձեռք են բերել իշխանություն լինելու ընթացքում և շնորհիվ:

 

Որպեսզի Բաղդասարյանը կարողանա համոզել իր իրական, այլ ոչ թե իմիտացիոն արմատական ընդդիմադիր լինելու հանգամանքը, կեսբերան ներողություն խնդրելու փոխարեն կա'մ պետք է հրաժարվի այդ կապիտալից, կա'մ ակտիվ քաղաքականություն մտնի` այդ կապիտալը երկրից հանելուց հետո միայն: Մինչդեռ դրանցից ոչ մեկը ՕԵԿ նախագահն անել, կարծես, չի պատրաստվում: Այս նախապատրաստություններն ուղղված են 2017-18թթ. համապետական ընտրություններին և առավելապես Արթուր Բաղդասարյանի նախագահական հավակնությունների բավարարմանը: Մինչ կոալիցիայից դուրս գալը նրան թվում էր, թե այդ ճանապարհն անցնում է Սերժ Սարգսյանի ժառանգորդը դառնալու միջոցով: Բայց նախագահը, Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով, ՕԵԿ ղեկավարին կանգնեցրեց փաստի առաջ, ու նա հասկացավ, որ այդ պլանները ձախողված են, և ամեն ինչ պետք է սկսել զրոյից կամ այս դեպքում նույնիսկ` մինուսից: Եվ ահա ՕԵԿ անխոնջ առաջնորդն արդեն երրորդ անգամ հենց այդտեղից էլ սկսում է: Փաստորեն, գործ ունենք Սիզիփոսի և նրա հավերժական քարի սինդրոմի հետ:

 

Գևորգ Աղաբաբյան