Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2011 թ. հունիսի 15-24-ը Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կազմակերպվելու է «Խաչքարի արվեստ` հայկական սուրբ քարեր» խորագրով ցուցահանդեսը:
Ինչպես տեղեկացնում են մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցադրությունում ներառվել են տարբեր ժամանակներում և պատմական Հայաստանի տարբեր շրջաններում կերտված լավագույն խաչքարերի շուրջ 60 լուսանկարներ, ինչպես նաև խաչքարային մշակույթի տարածման արեալներն ընդգրկող քարտեզ ու խաչքարի մշակույթը լուսաբանող գիտական բացատրագրեր:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում Փարիզ են մեկնել նաև Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը, նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Երանուհի Մարգարյանը:
Միջոցառմանը կմասնակցի նաև Փարիզից արվեստի պատմության դոկտոր Պատրիկ Դոնաբեդյանը:
Ցուցահանդեսի ընթացքում նկարիչ-քանդակագործ Ռոբերտ Մինասյանը տեղում, քարի վրա աշխատելով, այցելուներին կներկայացնի խաչքարի կերտման տեխնիկան ու վարպետությունը:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր` հունիսի 15-ին, ժամը 18.30-ին:
Այս օրերին Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կընթանան նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 35-րդ և «Մշակութային ինքնաարտահայտումների բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի նստաշրջանները, որոնց կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցող 100-ից ավելի պետությունների ներկայացուցիչներ:
Հայաստանը կներկայացնեն ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրենի տեղակալ Արտաշես Առաքելյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցները: