կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-17 03:52
Հասարակություն

Թամանյանից քարը քարին չի մնա

Թամանյանից քարը քարին չի մնա

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն անթույլատրելի է համարում Հանրապետության հրապարակում Կառավարական թիվ 1 շենքի բակում աշտարակի կառուցումը:

«Թամանյանն այդտեղ նախատեսել էր բաշխիչ ծավալ` կառավարության տան շենքին արժանի: Իսկ այսօր այդ ծավալի մեջ պետք է տեղավորվի Սփյուռքի եւ արդարադատության նախարարությունների շենքը: Եթե այդ ծրագիրն իրագործվի, Թամանյանից քարը քարին չի մնա»,- մտահոգված է Մ. Մինասյանը` հավելելով, որ եթե նման կամայական միջամտություններ են արվում, ապա մեր հարգանքն անցյալի ժառանգության նկատմամբ հօդս է ցնդում:

Ճարտարապետների միության նախագահը հայտնեց, որ ծրագրի մասին ինքը տեղեկացել է մամուլից, իսկ մասնագիտական կամ հասարակական քննարկումեր չեն հրավիրվել:

Իսկ ըստ ճարտարապետ Լեւոն Վարդանյանի` այս նախագծով խախտվել է օրենսդրական դաշտը. «Կառավարական շենքի` Ալեքսանդր Թամանյանի նախագիծը կիսատ է մնացել, եւ ողջունելի կլինի, եթե այն ավարտվի, սակայն նախագծից 1 մմ շեղում չպետք է լինի: Հանրապետության հրապարակին միասնական լուծում է պետք, այլապես միջամտելն անթույլատրելի է: Իսկ այսօր իմպրովիզացիա են անում Թամանյանի նախագիծը, իսկ հեղինակը Նարեկ Սարգսյանն է: Դա անթույլատրելի է»:

Մկրտիչ Մինասյանը նաեւ հիշեցրեց, որ վաղն իր ղեկավարած միությունը ԶԼՄ-ներում հանդես կգա հայտարարությամբ. «Խնդիրներն այդպես չեն լուծվում` կաբինետներում, որ հետո միայն հասարակությունը տա իր առարկությունները: Ի սկզբանե հարցերը պետք է դրվեն հանրային քննարկման»: