կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-28 12:55
Քաղաքական

Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձելու է իր շեշտադրումները բերել օրակարգ. Աղվան Վարդանյանը` Բաքվում ԵԱՀԿ ԽՎ աշխատանքների մասին

Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձելու է իր շեշտադրումները բերել օրակարգ. Աղվան Վարդանյանը` Բաքվում ԵԱՀԿ ԽՎ աշխատանքների մասին

Այսօր Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի առաջին օրն էր: Մշտական հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել առավոտյան, ելույթ են ունեցել ԵԱՀԿ ԽՎ  նախագահը Ռանկո Կրիվոկապիչը և գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով հայկական պատվիրակության կազմում գտնվում է Բաքվում: 

 

Նա նշեց, որ մշտական հանձնաժողովի նիստում, հարց ու պատասխանի ժամանակ, պատվիրակությունների ղեկավարները հարցեր տալու հնարավորություն են ունեցել: Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան հարց է ուղղել` արդյո՞ք չի պատրաստվում ԵԱՀԿ ԽՎ-ն ավելի ակտիվ ներգրավվել Անդրկովկասի խնդիրներում` հիշեցնելով Ուկրաինայի վերջին իրադարձությունները:

 

«Կար լրացուցիչ արձանագրության խնդիր Ուկրաինայի հարցի վերաբերյալ, որը պետք է ներառեր Ռուսաստանի քայլերը Ուկրաինայի հանդեպ, այն պետք է քվեարկության մտներ ԽՎ օրակարգ, և բուռն քննարկումներ տեղի ունեցան: Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն առաջարկեց ընդլայնել հարցերի օրակարգը, որպեսզի դրանում ընդգրկվի ոչ  միայն Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ խնդիրը, այլեւ բոլոր հակամարտությունների վերաբերյալ հարցեր: Հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ձայն խնդրեց և անդրադարձավ այն հարցին, որ Հելսինկյան  եզրափակիչ ակտը միայն տարածքների ամբողջականության մասին չի խոսում, այլ խոսում է նաև ժողովուրդների ինքնորոշման մասին: Բավական բուռն քննարկումներ եղան` այդ հարցը օրակարգ մտնի՞, թե՞ ոչ: Ի վերջո, քվեարկությամբ այդ հարցը ևս ընդգրկվեց օրակարգում»,- ասաց Աղվան Վարդանյանը:

 

Նա հավելեց, որ այսօր` երկրորդ կեսին, կլինի ԵԱՀԿ ԽՎ հանդիսավոր բացումը, ելույթ կունենա նաև Ադրբեջանի նախագահը, և վաղը աշխատանքները կշարունակվեն երեք տարբեր հանձնաժողովներում` քաղաքականության և անվտանգության հարցերի, տնտեսական տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի հարցերի, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեներում, որտեղ կան զեկույցներ և եզրափակիչ արձանագրություններ, որոնց վերաբերյալ առաջարկություններ կլինեն:

 

«Քանի որ Ադրբեջանում է տեղի ունենում վեհաժողովը, ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձելու է իր շեշտադրումները և առաջարկությունները բերել օրակարգ, և բնական է, որ ակտիվ աշխատում են նաև մյուս պատվիրակությունների հետ»,- ասաց Աղվան Վարդանյանը: