Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սարյան փողոցում կատարված դեպքերի վերաբերյալ ՄԻՊ-ի գրասենյակն արդեն ունեցել է պաշտոնական հայտարարություն, բայց դրանով չի ավարտվել ՄԻՊ-ի աշխատանքը' նրանց կողմից վարույթը դեռ հարուցված է, ՄԻՊ-ը դեռ սպասում է ոստիկանության ծառայողական քննությունների պատասխաններին: Այս մասին լրագրողներին այսօր ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը' անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի վերջին օրերին բողոքի տարբեր ցույցերի ժամանակ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված գործողությունների վերաբերյալ:
Ըստ նրա` առանց ոստիկանության համապատասխան ծառայողական քննությունների արդյունքների` ՄԻՊ-ն իրավունք չունի տալու վերջնական գնահատականներ:
«Երբ կստանանք ծառայողական քննության արդյունքները, կլինի նաեւ վերջնական գնահատականը: Այսինքն' կլինի կա'մ խախտման որոշում' որ Սարյան փողոցում տեղի է ունեցել մարդու իրավունքների խախտում, կա'մ կհամարենք, որ իրավաչափ են եղել ոստիկանության գործողությունները: Դա պաշտոնական որոշում է, որ ես պետք է կայացնեմ, բայց դրա մասին ես այսօր չեմ կարող ասել»,- նշեց Կարեն Անդրեասյանը:
Ինչ վերաբերում է Աֆրիկյանների շենքի հետ կապված խնդրին, նա նշեց, որ ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման աշխատակիցները վերջին օրերին ավելի շատ ժամանակ են անցկացրել այդ շենքի մոտ, քան իրենց աշխատավայրում, ինչը նշանակում է, որ այնտեղ վիճակը տեղ-տեղ սրվում էր, եւ ՄԻՊ գրասենյակը ստիպված էր լինում իր աշխատակիցներին անընդհատ ուղարկել այնտեղ:
«Այստեղից էլ ունենք բողոքներ, եւ արդեն որոշակի հարցումներ են ուղարկվելու ոստիկանություն' կոնկրետ էպիզոդներով: Որովհետեւ դժվար է գնահատական տալ ընդհանուր գործողություններին: Պետք է ամեն առանձին էպիզոդով կարողանանք գնահատականներ տալ, իսկ այնուհետեւ` իրավապահները»,- պարզաբանեց ՄԻՊ-ը:
Լրագրողների խնդրանքով Կարեն Անդրեասյանն անդրադարձավ նաեւ ՀՀ գլխավոր դատախազի` երեկ արած այն արտահայտություններին, թե ոստիկաններն օրենքով իրավունք ունեն ուժ եւ հատուկ տեխնիկա կիրառել: Նա նշեց. «Եթե գլխավոր դատախազն իսկապես գնահատական է տվել, ապա դա հապճեպ գնահատական է: Ես խորհուրդ կտայի զերծ մնալ այդպիսի հապճեպ գնահատականներից, բայց ես, հետեւելով, տեսել եմ, որ եղել է ոչ թե գնահատական, այլ ընդհանուր կարծիք եւ ընդհանուր իրավական տեսական դատողություններ, որ պետք է լինի համաչափ, ուժը պետք է կիրառվի տեղին... Այդպիսի ընդհանուր դիտարկումների հետ ես էլ եմ համաձայն ու կարող եմ կիսել դրանք»:
Օմբուդսմենը հավելեց, թե կոնկրետ գնահատականներ նախեւառաջ պետք է տա ոստիկանությունը իր իսկ գործողությունների եւ իր աշխատակիցների վերչաբերյալ, հետո' մնացած բոլորս: