կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-11 21:00
Քաղաքական

Խորհուրդ ենք տալիս գործող իշխանություններին ձեռնպահ մնալ քաղաքական ընդդիմության դեմ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից. ՌԱԿ

Խորհուրդ ենք տալիս գործող իշխանություններին ձեռնպահ մնալ քաղաքական ընդդիմության դեմ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից. ՌԱԿ

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում հատկապես վերջին ամիսներին ներհասարակական դիսկուրսներում ատելության թեմայի արծարծման կապակցությամբ։ Հայ հանրության շարունակական բաժանումը մերոնքակաների և ուրիշների, հեղափոխականների և հակահեղափոխականների, սևերի ու սպիտակների, հայաստանցիների ու ղարաբաղցիների արդեն հատել է վտանգավորության աստիճանը՝ սպառնալով թե՛ հայ ժողովրդի միասնությանը և թե՛ պետության անվտանգությանը։

Այս առումով հատկապես մտահոգիչ են նոր-նոր ձևավորվող քաղաքական ընդդիմության նկատմամբ չթաքցված բռնաճնշումերը, որոնք արտահայտվում են ներկա իշխանությունների հանդեպ յուրաքանչյուր քնադատությանը ատելությամբ պատասխանելու ու ձերբակալելու հրամաններ իջեցնելու «մշակույթի» ձևավորմամբ։

Մասնավորապես, «Ադեկվադ» կոչվող քաղաքական շարժման անդամների հանդեպ շարունակական հետապնդումները, նրանց նկատմամբ բռնաճնշումների կոչերը, որոնք պարբերաբար հնչում են իշխանության եկած քաղաքական ուժի անդամների կողմից, վտանգավոր նախադեպեր են ստեղծում։ Հատկապես մտահոգիչ են առանց պատճառաբանության վերջիններիս շարունակական ձերբակալության փաստերը։

Չգնահատել այդ ամենն այլ կերպ, քան քաղաքական հետապնդում ու այլակարծության ճնշման փորձ, հնարավոր չէ։ Խորհուրդ ենք տալիս գործող իշխանություններին զսպվածություն դրսևորել և ձեռնպահ մնալ քաղաքական ընդդիմության դեմ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից։

 ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆ