կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-24 22:33
Հասարակություն

Հնդկաստանը կես միլիոն դոլարի հեռաբժշկության սարքավորումներ կտրամադրի Հայաստանին

Հնդկաստանը կես միլիոն դոլարի հեռաբժշկության սարքավորումներ կտրամադրի Հայաստանին

Հնդկաստանի աջակցությամբ Երևանի մեկ և մարզային 9 բժշկական կենտրոնի կհատկացվեն հեռաբժշկության ժամանակակից տեխնիկական սարքավորումներ: Դա հնարավորություն կստեղծի այդ հիվանդանոցների և Հնդկաստանի առաջատար բժշկական հաստատությունների միջև կազմակերպել մասնագիտական փոխադարձ խորհրդատվություն, փորձի և գիտելիքների փոխանակում:

 

Այս աշխատանքները կատարելու համար Հնդկաստանը կներդնի շուրջ 530.250 ԱՄՆ դոլար:

 

Այս մասին փոխըմբռնման հուշագիրն այսօր ստորագրել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն:

 

«Մոտ երկու տարի է, ինչ առողջապահության նախարարությունը Հնդկաստանի կառավարության հետ բանակցում է հեռաբժշկության ցանց ստեղծելու ծրագրի շուրջ: Հայկական կողմն ընդունել է տեղեկատվական-տեխնոլոգիական փորձագիտական խմբի, որն իրականացրել է կարիքների գնահատում և մշակել ծրագրի իրականացման ուղղությունները»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:

 

Նրա գնահատմամբ` հեռաբժշկության ցանցի ստեղծումը որակապես փոխում է որակյալ բուժօգնություն ապահովելու, հիվանդներին ախտորոշելու, երկու երկրի բժշկական կազմակերպությունների մասնագետների միջև գիտակրթական կապ հաստատելու գործընթացը:

 

Սերգեյ Խաչատրյանի խոսքով` 1988 թ. Սպիտակի երկրաշարժի տարիներին հայ մասնագետները հաջողությաբ հեռակապ հաստատեցին ԱՄՆ-ի հետ: Հետագա տարիներին բժշկական տարբեր հաստատություններ ապահովված են եղել հեռակապով, սակայն համակարգային լայնածավալ միջոցառումներ չեն իրականացվել: Սա առաջին միջպետական համագործակցությունն է:

 

Հնդկական կողմի աջակցությամբ Հայաստանի բժիշկների, բուժքույրերի, հեռաբժշկության ոլորտում տեխնիկական աշխատողների համար կկազմակերպվեն նաև կրթական ծրագրեր: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: