Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) կենտրոնակայանում հանդիպում է ունեցել կառույցի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր ալ Հերբիշի հետ:
Հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության և OFID-ի միջև ստորագրվել է վարկի տրամադրման մասին պայմանագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր ալ Հերբիշը. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Գյուղացիական ակտիվների ստեղծման ծրագիրը Հայաստանում կիրականացվի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից: Քսան միլիոն դոլար ծավալով վարկը նպատակաուղղված է լինելու գյուղացիական տնտեսությունների կարողությունների ստեղծման ծրագրի ֆինանսավորմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանը:
Ծրագրի շահառուները կլինեն հիմնականում գյուղական բնակավայրերի բնակիչները, մասնավորապես` մանրածավալ արտադրողները, պտղի և ընկուզեղենի արտադրությամբ զբաղվողները, ինչպես նաև լեռնային անապահով համայնքների ներկայացուցիչները:
Վարկի մարումը կսկսվի հինգ տարի հետո: Մարման ժամկետը տասնհինգ տարի է, տոկոսադրույքը` 3,5 տոկոս:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ընդհանուր նպատակը գյուղական համայնքների աղքատության նվազեցումն է: Կարևորելով այս վարկի ստացումը` նախարարը նշել է, որ այն կօգնի հանրապետությունում շատ արագ բարելավել սպասարկումը և ստեղծել գյուղատնտեսական կարողություններ: