կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-24 13:35
Հասարակություն

Ոստիկանությունը քթի ծակ չունի և իր գործողություններով վնասում է երկրի վարկին

Ոստիկանությունը քթի ծակ չունի և իր գործողություններով վնասում է երկրի վարկին

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի համոզմամբ`  Հայաստանը վերջին տարիներին «փող բերող» նախագիծ չի ունեցել, ահա` ինչու իշխանություններն անցել են փող հավաքելու այլ մեթոդների` կարմիր գծեր, նկարահանող սարքեր, կուտակային կենսաթոշակային համակարգ, գազի ու էլեկտրաէներգիայի թանկացում:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողների հանդեպ երեկ ոստիկանության կողմից իրականացված անիրավաչափ գործողությունների մասին, նա նշեց. «Երեկ իմացել եմ, որ Այ-Թի քարտերը մեկ տարով են գործում, և 3 հազար դրամ պետք է վճարես, որ կրկին սկսի գործել: Այսինքն` ամեն տարի պետք է մուծեմ 3 հազար դրամ, որ ապացուցեմ, որ դա ես եմ: Սա վայրենություն է` հավաքել փող իր քաղաքացիներից` մոռանալով, որ այդ քաղաքացին կարող է այլևս վճարունակ չլինել: Իշխանությունը չի կարողանում Հայաստանում պահել անգամ այն զանգվածը, որը պետք է հարկեր տա բանակի, ուսուցչի  ու իշխանավորի գոյությունն ապահովելու համար: Իշխանությունները մտածում են թիթեռնիկի պես` էսօր սնվեն,  վաղը ինչ կլինի` կարևոր չէ»,- ասաց պատգամավորը:


Նրան զայրացրել են ոստիկանների գործողությունները, որոնք ուժ են կիրառել ՀՀ պահանջատեր քաղաքացիների նկատմամբ: Պատգամավորը նշում է, որ երկու օր առաջ Հայաստանում էին ԵԽԽՎ համազեկուցողները, իսկ այսօր Ստրասբուրգում նստաշրջան է, ու խոսվում է Հայաստանում  ժողովրդավարության ընթացքի մասին, և ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցնում 27 հոգու ու քարշ տալիս դեպի ոստիկանություն:


«Ոստիկանությունը քթի ծակ պետք է ունենա, որ հասկանա, որ իր գործողությունները վնասում են ոչ միայն բողոքող քաղաքացիներին, այլ նաև երկրի վարկին: Չեն հասկանո՞ւմ, թե՞ հրահանգ են կատարում` ջարդել ու կատոկել»,- ասաց Արամ Մանուկյանը: