Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է: Շարմազանովի այս հայտարարությունն, իհարկե, ոչ միանշանակ է ընդունվել ընդդիմադիր ուժերի, ինչպես նաեւ հենց ՀՀԿ-ականների կողմից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչեւ Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ն շատ ավելի արժանի քաղաքապետեր է ունեցել:
Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Շարմազանովի այս հայտարարությանը` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, իհարկե, շտապեց ավելի մեղմ եւ զգույշ ձեւակերպումներով ներկայացնել:
Նա նախ նշեց, որ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր քաղաքապետեր ենք ունեցել, որոնք էլ իրենց ժամանակաշրջանին համապատասխան են գործել, հետո հայտարարեց, որ քաղաքապետին լավագույն կամ վատագույն բնորոշումներ չեն տալիս: Սահակյանը եւս կարծում է, որ Տարոն Մարգարյանը լավ է աշխատում, բայց, մյուս կողմից, նշում է, որ սա կարծիք է, եւ Շարմազանովի ասածն էլ նրա սուբյեկտիվ կարծիքն է:
«Շարմազանովի ասածի հետ կարող եմ համաձայնել որպես սուբյեկտիվիզմի արձագանք, բայց քաղաքագիտական իմաստով, սովորաբար, պետական չինովնիկներին ամենա-ամենա բառերով չեն բնորոշում: Այս ժամանակահատվածում բավականին լուրջ հաջողություններ են ունեցել ե'ւ Գագիկ Բեգլարյանը, ե'ւ Կարեն Կարապետյանը»,- հայտարարեց Սահակյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցությանն ղեկավարն անդրադարձավ նաեւ Շարմազանովի այն հայտարարությանը, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնում է, ինչպես Ռոնալդուն` ֆուտբոլի դաշտում:
«Ե'վ ընկեր է, ե'ւ հարազատ է, յուրաքանչյուրն իր ընկերոջն ավելին է տեսնում, քան կա, եւ ես ուրախանում եմ, որ մեր երիտասարդները փորձում են հաղթական դիրքերով գնալ»,- հայտարարեց Սահակյանը:
Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ-ականները կուլիսային խոսակցություններում, երբեմն անգամ հրապարակավ հայտարարում են, որ ամեն գնով պահելու են Երեւանը, չեն հանձնելու, Սահակյանը պատասխանեց, որ դրանք «կոշտ ցանկություններ են», հետո վստահեցրեց, որ առաջին տեղը կգրավեն, բայց պետք է այնպես անեն, որ 50 տոկոսից ավելի հավաքեն` սա է խնդիրը, ինչի համար էլ շատ պետք է աշխատեն:
Անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ականների կողմից հնչեցվող «Մենք Երեւանը չենք հանձնելու» ձեւակերպումն իրեն հիշեցնում է «Ստալինգրադը չենք հանձնելու» կամ «Հետեւում Կուրսկն է», եւ որ որեւէ մեկը Երեւանն իր գրպանը չի դրել, որ հետո ասի` հանձնելու է կամ չի հանձնելու, Սահակյանը հայտարարեց. «Ես չեմ կարծում, որ սրանք այն ժամանակներն են, որ Երեւանը հանձնել-չհանձնելու համար Մատրոսովներ են պետք: Երեւանը բավականին լավ ձեռքերում է, եւ շատ լավ կլինի, որ բոլորը նախապատրաստվեն այդ ձեռքը ուժեղացնելուն ու հանկարծ չմտածեն, որ հնարավոր է լինելու հակառակը: Իսկ գրպանի մասին` ինձ վրա հույս չդնեք, իմ գրպանը ծակ է»:
Սահակյանը հայտարարեց նաեւ, որ հաղթանակը տեսնում են ՀՀԿ-ի դերակատարման հիման վրա: