կարևոր
4231 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-28 14:20
Քաղաքական

Որ Հիսուսն էլ գա, թեկնածու առաջադրվի, ասելու եք՝ էդ մարդու ձեռքերը ծակ են․ Արծվիկ Մինասյան

Բագրատ Սրբազանի հայտարարած երեք հիմնական նպատակները հետևյալն են․ Առաջին՝ ներքին և արտաքին համերաշխություն, երկրորդ՝ Հայաստանը աշխարհաքաղաքական այս թոհ ու բոհից հանել, երբ վերածվել է բոքսի տանձիկի, հանդարտեցնել Հայաստանի շուրջ կրքերը, երրորդ՝ նախապատրաստվել ազատ ու արդար ընտրությունների։ Այս նպատակներից որևէ մեկը չի կարող մարված համարվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Հիմա վերջը, ինչ-որ բան փոխելո՞ւ եք, թե՞ չէ․ նոր մոտեցում, նոր գաղափարներ, որ շարժումն էսպես չլինի» ,-հարցրեց Պետրոս Ղազարյանը։ «Ուզում ենք փոխել այս իշխանություններին։ Կօգնե՞ք էդ հարցում» ,-արձագանքեց Մինասյանը։ Պետրոս Ղազարյանը նշեց․ «Ձևը, ձևը․․․ դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։ Դուրս եք գալիս մարդկանց դավաճան ու թուրք եք ասում»։ Մինասյանը ներողություն խնդրելով՝ արեց հետևյալ համեմատությունը․ «Որ հիմա Հիսուսը գա, որպես թեկնածու առաջադրվի, միևնույն է՝ դուք և շատ ՔՊ-ականներ ասելու եք՝ էդ մարդու ձեռքերը ծակ են․ մի բան գտնելու եք։ Նման վարքագծով դուք ի վիճակի չեք բան փոխելու, որովհետև ձեր նպատակը բան չփոխելն է»։  

Անդրադառնալով Սուրեն Պետրոսյանի վերջին հայտարարությունների առ այն, որ չի կարող ինքը ընդգծված լինել մի պրոցեսի մեջ, որը կարող է հանգեցնել պառլամենտական ընդդիմության ու իրենց արբանյակների վերարտադրությունը՝ Մինասյանը նշել է․ «Ոչ պառլամենտական ընդդիմությունն է շարժումն առաջնորդել, և ոչ էլ ինչ-որ ակնկալիք ունի վերարտադրվելու կամ իշխանություն վերցնելու։ Բազմիցս հայտարարել է այդ մասին։ Ես հասկանում եմ այլ բան այստեղ՝ հերթական խաբկանքը, հերթական խառնակչությունն ընդդիմադիր հատվածում ներմուծելու, ներդնելու համար, հավանաբար Սուրեն Պետրոսյանն էլ է ենթարկվել նման մանիպուլյացիաների։ Այլ բացատրություն չունեմ։ Խորհրդարանական ընդդիմությունը շարժման պահանջին, առաջարկին համապատասխան նախաձեռնել է մի քանի պառլամենտական գործընթացներ»։

Մինասյանը զրույցում խոսել է իմպիչմենթի գործընթացի, խորհրդարանական գործունեության մասին, ընդգծել, որ մանդատներից հրաժարվելը ոչ մի բան չի տալու և ձեռնտու կլինի միայն Փաշինյանին։ «Էս պահի դրությամբ, ընդդիմությունը տեղամասային հանձնաժողովներում, այսինքն՝ առաջին մակարդակի հանձնաժողովներում, ունի 50 տոկոս անդամ նշանակելու իրավասություն։ Եթե ընդդիմություն չեղավ խորհրդարանում, այս 50 տոկոսն անցնում է ընտրատարածքային հանձնաժողովին, որը ձևավորվել է այն ԿԸՀ-ի կողմից, որն իր հերթին ձևավորվել է Փաշինյանի ու ՔՊ-ի կողմից։ Դուք հիմա ասում եք հրապարակային, որ ընդդիմութո՛ւն, հրաժարվի տեղամասային հանձնաժողովներում քո իրավունքներից շ, որպեսզի ժողովուրդը գնա, կապ չունի՝ ինչ քվեարկի, Փաշինյանն ինչ ուզենա այնտեղ գրի»։ Նա ընդգծել է, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, բայց առանց Փաշինյանի։ Մինասյանը բացատրել է նաև, թե ինչով է տարբերվում հերթական ընտրությունները արտահերթից։ «Հերթական ընտրությունների շրջափուլը, երբ գալիս է, 50-60 օր առաջ կոնկրետ միջոցառումներ պետք է ձեռնարկված լինեն։ Արտահերթն այդպես չէ, կարճ է, արագ է և հնարավորություն չի տալիս քաղաքական ուժերին վերադասավորվել, վերադիրքավորվել»։ Նա նշել է, որ հերթական ընտրություններ եթե լինեն, իրենք մասնակցելու են։   

Երբ Պետրոս Ղազարյանը փորձեց նախկինների օրոք տեղի ունեցած օրինակներով քողարկել գործող իշխանութփյան օրոք ոստիկանության բռնաճնշումներն ու ապօրինությունները, Մինասյանը ներկայացրեց փաստեր, արձանագրեց, որ ոստիկանությունը, հատուկ ծառայությունների հետ միասին մի քանի փորձ են արել՝ մուտք գործելու ՀՅԴ Հայաստանի ԳՄ շենք, մտել են կուսակցության մարզային կառույցներ, գրասենյակներ, իսկ Ղազարյանը արձագանքեց․ «Լա՜վ, լավ․․․»։
Մինասյանի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ն գնահատել է արատավոր պրակտիկան, որով 40-ից ավելի քրեական գործերով անցնում են մարդիկ, որոնց մեղադրում են նյութական շարժառիթով մարդկանց հանրահավաքների բերելու համար։ Մինասյանը տեղեկացրել է, որ դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ակնկալիքով, որ քրեական օրենսգրքի 236 հոդվածը վերանայման ենթարկվի։ 

Երբ Պետրոս Ղազարյանը մեջբերեց ԵԽԽՎ զեկույցից մի հատված, որ իբր վեհաժողովը դատապարտում է ցուցարարներին, Մինասյանը հակադարաձեց՝ ընդգծելով, որ դա վերաբերում է 2023 թվականի սեմպետեմբերին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ էր ձեռնարկել Արցախի դեմ, իսկ արցախցի մի խումբ երիտասարդներ իրենց վարքագծով պահանջում էին կառավարությունից միջոցներ ձեռնարկել՝ արցախահայությանը փրկելու համար, իսկ կառավարության ղեկավարը հայտարարում էր, որ Հայաստանը չի միջամտելու ոչ մի բանի։

Մանրամասն՝ տեսանյութում