կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-18 19:15
Սպորտ

Ըմբշամարտ. Եվրոպայի առաջնության 2-րդ օրն անհաջող էր հայ մարզիկների համար

Ըմբշամարտ. Եվրոպայի առաջնության 2-րդ օրն անհաջող էր հայ մարզիկների համար

Լեհական Կատովիցե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում քիչ առաջ ավարտվեցին 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերի նախնական և սփոփիչ փուլերի հանդիպումները: Ինչպես տեղեկացնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այսօր Հայաստանի` մրցագորգ ելած  3 ըմբիշներից և ոչ մեկին չհաջողվեց միջամտել մեդալների համար մղվող պայքարին:

 

55 կգ քաշային կարգում Հարություն Բարսեղյանը 1/8-րդ փուլում 10:0 հաշվով հաղթեց բուլղարացի Քրիստիան Յորդանովին, սակայն քառորդ եզրափակիչում 6:16 հաշվով պարտվեց վրաստանցի Ռամազի Դարչիձեին: Վերջինս էլ կիսաեզրափակիչում զիջեց ռուսաստանցի Թամիր Գարմաևին, ու այդ պատճառով էլ մեր ըմբիշը այլևս հնարավորություն չունեցավ պայքարելու բրոնզե մեդալի համար:

 

Նույն պատկերը կրկնվեց նաև հաջորդ 2 քաշային կարգերում: 66 կգ քաշային կարգում Արեն Ալեքյանը պայքարն սկսեց 1/16-րդ փուլից, որտեղ 12:2 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ հունգարացի Յանոշ Սեպեզանի նկատմամբ: Արենը 1/8-րդ փուլում էլ 11:6 հաշվով վստահ հաղթանակ տոնեց դժվարին մրցակցի՝ ռուսաստանցի Եվգենի Ժիերբաևի նկատմամբ:

 

Սակայն քառորդ եզրափակիչում թուրք ըմբիշ Հայդար Յավուզի (2:12 ) արգելքը հաղթահարել Ալեքյանին չհաջողվեց: Կիսաեզրափակիչում թուրք ըմբիշը իր հերթին 6:7 հաշվով զիջեց ադրբեջանցի Մուրադ Սուլեյմանովին ու չհասավ եզրափակիչ, ինչն էլ խանգարեց մեր ըմբիշին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանալ:

 

84 կգ քաշային կարգում 1/8-րդ փուլում Ռազմիկ Պողոսյանը 2:0 հաշվով առավելության հասավ ռումինացի Մարյուս Մումջիևի նկատմամբ, սակայն հետո քառորդ եզրափակիչում 2:12 հաշվով պարտվեց Բելառուսի պատվիրակ Ալիբեկ Շադաուին: Վերջինս էլ իր հերթին 2:5 հաշվով կիսաեզրափակիչում զիջեց վրացի ըմբիշ Գեորգի Չխարիտիշվիլուն ու մրցաշարի 2-րդ օրը, փաստորեն, մեդալի համար պայքարելու մեր վերջին հույսն էլ դրանով մարեց:

 

Ինչ վերաբերում է 120 կգ քաշային կարգին, Հայաստանը պատվիրակ չէր ներկայացրել:


Ազատ ոճի ըմբիշները Կատովիցեում մրցելույթներն ավարտեցին՝ բավարարվելով միայն 60 կգ քաշային կարգում Գոռ Գրիգորյանի նվաճած բրոնզե մեդալով: Հուսանք, որ մեր հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշների մրցելույթները, որ կայանալու են հունիսի 21-22-ը, շատ ավելի հաջող կլինեն: