Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին` պատրաստվո՞ւմ է, արդյոք, իշխանությունը կատարել քառյակի 12 պահանջները մինչև սեպտեմբերի 30-ը, ասաց, որ իշխանությունը կետ առ կետ քննարկել է այդ պահանջները, այդ կետերի մի մասը ներառված է իշխանությունների ծրագրում, և որևէ կետ անպատասխան չի մնա: «Իհարկե, ժամկետների հետ կապված, ես կողմնակից չեմ, որ պահանջներ են դրվում,»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք իշխանությունը կկատարի այդ 12 կետերից հատկապես 2-ը`100 տոկոս համամասնական ընտրակարգի անցումը և ընտրացուցակները հրապարակելը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ սահմանադրական փոփոխություններում կա նաև ընտրակարգի մոդելի փոփոխություն, և բոլոր հարցերը քննարկման փուլում են:
Yerkir.am-ի հարցին` ի՞նչ դիրքորոշում է արտահայտելու Հանրապետական կուսակցությունը առաջիկա խորհրդարանական լսումների ընթացքում, երբ պետք է քննարկվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, և արդյո՞ք այդ որոշումը կլինի ոչ ի վնաս սպառողի, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Պետք է աշխատենք, որ ինչքան հնարավոր է պաշտպանվեն սպառողի շահերը, բայց նաև, իրավիճակից ելնելով, պետք է որոշում կայացվի: Ինձ թվում է, որ քննարկումների ժամանակ այն հարցերի կապակցությամբ, որոնք հուզում են և' ընդդիմությանը, և' սպառողներին, հնարավորության սահմաններում կանենք մեր առաջարկությունները»:
Հարցին, թե ինչո՞ւ կառավարությունն ընդդիմության մասնագետների հետ չի աշխատում կուտակային կենսաթոշակային նոր օրենքի մշակման գործում, ինչպես հայտարարել էր ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, Բաղդասարյանը պատասխանեց, որ վաղը Հանրապետական կուսակցությունում քննարկվելու է կուտակային օրենքի մշակման հարցը, որից հետո շահագրգիռ քաղաքական ուժերի հետ հանդիպում կլինի: «Հրավերը լինելու է»,- վստահեցրեց նա: