կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-27 15:46
Քաղաքական

Դաշնակցությունը ԲՀԿ-ի հետ քննարկել է կուտակային նոր օրենքը ՍԴ-ում վիճարկելու հարցը

Դաշնակցությունը ԲՀԿ-ի հետ քննարկել է կուտակային նոր օրենքը ՍԴ-ում վիճարկելու հարցը

ԲՀԿ-Դաշնակցություն հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով հանդիպման մասին, ասաց, որ դա պարզ աշխատանքային հանդիպում էր, մի քանի խնդիրներ կային, որոնք պետք է երկկողմանի անմիջական շփումների միջոցով փորձեին լուծել ու առաջ գնալ։

 

Պատգամավորը շեշտեց, որ հանդիպման ձևաչափը քառյակին փոխարինելու կամ դրան զուգահեռ ձևաչափ ստեղծելու նպատակ չի հետապնդում, ուղղակի կան որոշ բաներ, որոնց շուրջ ԲՀԿ-ի հետ դիրքորոշումները համընկնում են, մասնավորապես` կուտակային նոր օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկելու մասով, արդեն նախապատրաստվում է դիմում։

 

«ՍԴ դիմելու հարցը քառյակի մեր մյուս գործընկերները, կարծես, չեն ընդունում, ահա, թե ինչու այսօր հանդիպումը ԲՀԿ-ի հետ է անցկացվել` նախնական քննարկելու համար այդ հարցի հետ կապված որոշ խնդիրներ։ Մենք կարող ենք ՍԴ-ի միջոցով փաստել կուտակային նոր օրենքի հակասահմանադրականությունը, դա կարևոր է, և ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԲՀԿ-ի համաձայնությունը, եւ այսօր նրանց հետ ենք փորձում այդ հարցերը հստակեցնել»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

 

Նրա խոսքով` քննարկվել են նաև սահմաններ կատարած այցերը, մասնավորապես` խոսվել է սահմանամերձ գյուղերին հատուկ կարգավիճակ տալու մասին, այսինքն` պետք է սահմանվի «սահմանապահ գյուղ» հասկացությունը, որը կենթադրի արտոնյալ կարգավիճակ: Արմեն Ռուստամյանը հավելեց, որ պետք է հստակեցվի նման կարգավիճակ ստացող գյուղերի և արտոնությունների ցանկը։

 

Ըստ պատգամավորի` առայժմ ԲՀԿ-ի հետ քննարկվում են այդ հարցերը, առաջիկայում այդ հարցերը կքննարկվեն նաև քառյակի ուժերի հետ։ Ծանոթանալու են  նաև Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագծին և քննակումների արդյունքում կմշակեն համատեղ ամբողջական նախագիծ՝ սահմանամերձ գյուղերի մասով։

 

Առաջիկա անելիքների հետ կապված` Արմեն Ռուստամյանը նշեց, որ կարևոր անելիքներ են սպասվում՝ սահմանադրական փոփոխությունների հարցը, ընտրական համակարգի փոփոխության հարցը, պետք է գնահատվի նոր կառավարության աշխատանքը, որովհետև քառյակը ներկայացրել է 12 պահանջ, դրան գումարած նաև էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները։ Պետք է լուծվի սահմանամերձ գյուղերին հատուկ կարգավիճակ շնորհելու հարցը, բանակի մարտունակությունն ու ոգին բարձրացնելու հարցը։

 

Yerkir.am-ի այն հարցին՝ ի՞նչ չափի սահմանների մասին էր խոսում ՀՀ նախագահը, երբ ասում էր, որ ընդդիմությունը պետք է գործի չափի սահմաններում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց․  «Ընդդիմությունը չափի սահմաններում է գործում, իշխանությունն է, որ չափից դուրս է գործում: Եվ այստեղ մեկը մյուսին դասեր տալու խնդիր չկա, բոլորը պետք է իրենց լիազորությունների շրջանակում գործեն: Դրա համար էլ համակարգն այնպես պետք է փոխվի, որ չկարողանան լիազորությունները չարաշահել»։