կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-02 16:56
Իրավական

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դեռ սահմանադրակա՞ն է մինչև սեպտեմբերի 30-ը

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դեռ սահմանադրակա՞ն է մինչև սեպտեմբերի 30-ը

Սահմանադրական դատարանի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթները հակասահմանադրական ճանաչող որոշման հրապարակումից հետո հարց առաջացավ, թե երբվանի՞ց է կիրառվելու ՍԴ որոշումը և ի՞նչ է նշանակում մինչև սեպտեմբերի 30-ը ժամկետի նշանակումը:

 

Այս հարցի վերաբերյալ փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ Կուտակայինի օրենքի վիճարկվող հոդվածներն առնվազն մինչև սեպտեմբեր համարվում են Սահմանադրությանը համապատասխանող»:


Հիմնավորումը հետևյալն է` ՍԴ մասին օրենքի 68-րդ հոդվածը սահմանում է՝ Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, եթե Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որեւէ դրույթի` Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահին Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետեւանքներ հանրության եւ պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ապա Սահմանադրական դատարանը կարող է, տվյալ ակտը ճանաչելով Սահմանադրությանը հակասող, իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը: Այդ դեպքում մինչեւ ակտի իրավաբանական ուժը կորցնելը ակտը համարվում է Սահմանադրությանը համապատասխանող:

 

Նա իր գրառման մեջ անդրադառնում է հետևյալ նրբությանը. «Ինձ հուզում է մեկ այլ հարց: Այս դեպքում ինչպես է լինելու վճարել/չվճարելու հարցը, մանավանդ` ՍԴ մասին օրենքի 34-րդ հոդվածի լույսի ներքո, որը նշում է, որ դիմումի ապահովումը կիրառվում է մինչև դատաքննության ավարտը: Հուսով եմ ՍԴ-ն այս հարցերի պատասխանը տվել է որոշման մեջ: Հակառակ պարագայում առնվազն մինչև սեպտեմբեր կուտակային ենք վճարելու»: