կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-11 13:00
Քաղաքական

Կարեն Կարապետյանին պաշտող ՀՀԿ-ական պատգամավորը չգցեց ընկերոջը

Կարեն Կարապետյանին պաշտող ՀՀԿ-ական պատգամավորը չգցեց ընկերոջը

Անցյալ շաբաթ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը հարցազրույց էր տվել Asekose.am-ին, որում բավական ուշագրավ` իշխանական տեսակետից էականորեն տարբերվող դիրքորոշումներ էր հայտնել իշխանությունների կողմից իրականացվող մի շարք գործընթացների վերաբերյալ` կենսաթոշակային բարեփոխումների, հարկային վարչարարության փոփոխությունների եւ այլն:

 

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանից Yerkir.am-ը փորձեց ճշտել` արդյոք նա համաձայն է Կարեն Կարապետյանի դիրքորոշումները կամ այդ դիրքորոշումներից ու տեսակետներից քանիսի՞ հետ է համամիտ:

 

«Ես տարբեր հարցազրույցներում, ասուլիսներում ասել եմ ու նորից վերահաստատում եմ, որ Կարեն Կարապետյանն իմ մտերիմ ընկերն է` իր բոլոր դրսեւորումներով: Եվ բոլոր դեպքերում ես մեծագույն հարգանք ունեմ իր տեսակետների, ձեւակերպումների նկատմամբ: Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե նա ինչ է հնչեցրել այդ հարցազրույցներում, բոլոր դեպքերում, ես ունեմ հարգանք նրա տեսակետների նկատմամբ, բայց նաեւ ունեմ իմ կարծիքն ու տեսակետը»,- դիվանագիտական պատասխան տվեց Տաճատ Վարդապետյանը:

 

Փորձեցինք ճշտել` տարբերվո՞ւմ են, արդյոք, Տաճատ Վարդապետյանի տեսակետները Կարեն Կարապետյանի` հարցազրույցում արծարծված տեսակետներից, պատգամավորը պատասխանեց, թե իրենց ընկերությունը քաղաքական դաշտում չի ձեւավորվում. «Ես նրա նկատմամբ, նորից եմ ասում, ունեմ մեծագույն հարգանք եւ պաշտամունք»:

 

Այնուամենայնիվ, նշեց, որ Կարեն Կարապետյանի հայտնած շատ տեսակետների հետ ինքը համաձայն է, բայց ասաց, թե կոնկրետ վերաբերմունք ունի շոշափված հարցերի նկատմամբ, իսկ Կարեն Կարապետյանն` իր մարդկային էությամբ, կերպարով, իր համար ամենաօրինակելի մարդկանց շարքում է:

 

Մեր այն պնդմանը, թե կոնկրետ չհասկացվեց` Տաճատ Վարդապետյանը Կարեն Կարապետյանի հնչեցրած տեսակետներից որո՞նց հետ է համաձայն եւ որո՞նց հետ` ոչ, պատգամավորը, որ ամեն կերպ փորձում էր խուսափել հարցին պատասխանելուց (դա, ի դեպ, նկատեց նաեւ ասուլիսի մյուս բանախոսը` ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը, ով տեղից արձագանքեց` «հրաժարվում է պատասխանել»), վերջում փորձեց այլ կերպ խուսափել՝ նշելով, թե չի կարդացել այդ հարցազրույցն ու այդ պահին չի կարող հարցերին պատասխանել: