Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը չգիտի, թե Կարեն Կարապետյանն ինչ պլաններ ունի, ինչու է անդամագրվել, ինչ ապագա ունի ՀՀԿ-ում:
Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ընդամենը կարող է ողջունել, որ վարչապետը անդամագրվել է Հանրապետական կուսակցությանը:
Հարությունյանը նաև չցանկացավ կանխատեսումներ անել` արդյո՞ք վարչապետի և անկուսակցական նախարարների անդամագրումը ՀՀԿ-ին դաշտից դուրս կթողնի այլ կարկառուն հանրապետականների: «Ի՞նչ ասեմ, թե ո՞վ դուրս կմնա, ո՞վ ներս կմտնի, դա չգիտեմ, բայց, իմ կարծիքով, պետք է ամեն ինչ լինի օբյեկտիվ, օրինաչափությունների սահմանում»,- ասաց նա:
Հարությունյանը շեշտեց, որ Հանրապետական կուսակցությունը քաղաքական մեծամասնություն է կազմում, այդ նախարարներն էլ որոշել են հանրապետական դառնալ, որպեսզի հենվեն այդ մեծամասնության վրա, բայց թե ինչքանո՞վ են նրանք Հանրապետական կուսակցության գաղափարախոսության կրողները, դա չի կարող ասել:
Մեր դիտարկմանը` արդյո՞ք «հին» ՀՀԿ-ականները կուսակցության գաղափարախոսությունը կրողներն են, պատգամավորը պատասխանեց. «Համենայն դեպս, Հանրապետական կուսակցության անդամներից շատերն այդ գաղափարախոսության կրողներն են, չեմ կարող ասել` բոլորը, որովհետև իշխող կուսակցության մեջ պատեհապաշտ մարդիկ շատ են լինում»:
Հարությունյանի խոսքով ինքը հավատում է Կարեն Կարապետյանի ընդունակություններին և կարծում, որ վեց ամիս, մեկ տարի հետո մենք կունենանք առաջընթաց: «Կապ չունի` Կարեն Կարապետյանը կլինե՞ր Հանրապետական կուսակցության անդամ, թե՞ ոչ: Եթե կառավարության ղեկավարը և անկուսակցական անդամները որոշել են նաև ՀՀԿ անդամ լինել, ես ողջունում եմ, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է մեր տնտեսական առաջընթացը, ճգնաժամից դուրս գալու ելքերի հայտնաբերումը, և որ որոշակի ժամանակ անց ականատես լինենք տնտեսական առաջընթացի: Սա է ամենակարևորը, որը այսօր մեր ժողովրդին հետաքրքրում է: Կուսակցական պատկանելությունն ինձ համար այնքան էլ էական չէ»,- ասաց նա:
Հարցին` այսպիսի մի միտք է շրջանառվում, թե Կարեն Կարապետյանը պետք է գլխավորի ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը, ուստի նրա` անկուսակցական լինելը նպատակահարմար չէր, Հարությունյանը պատասխանեց. «Մենք ունենք կուսակցության նախագահ, ով ի պաշտոնե պետք է գլխավորի նախընտրական ցուցակը: Չեմ կարծում, որ նախընտրական այդ ցուցակը մեկ ուրիշը կգլխավորի, և գտնում եմ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի: Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահը. ընդունված կարգն այդպես է»:
Դիտարկմանը, որ 2018 թվականին նախագահը վայր է դնելու իր լիազորությունները, Հարությունյանն արձագանքեց. «Դեռ 2018 թվականին ժամանակ կա, կտեսնենք, թե ինչ կլինի, բայց, միևնույն է, խորհրդարանական ընտրությունների ժամանակ պետք է այդպես լինի, ընդունված կարգի համաձայն` կուսակցության առաջնորդը գլխավորի նախընտրական ցուցակը: Կարող է և այդպես չլինել, բացառություն լինել, բայց ընդունված կարգ կա»: