կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-04 17:14
Հասարակություն

Ներդրումային տրագիկոմեդիա. երբ աջ ձեռքը չգիտի` ինչ է անում ձախը

Ներդրումային տրագիկոմեդիա. երբ աջ ձեռքը չգիտի` ինչ է անում ձախը

Հովիկ Աբրահամյանը Հայաստանի տնտեսությունում արտաքին ներդրումների բացակայության դեմ պայքարի յուրօրինակ մեթոդ է գտել: Նա որոշել է այլ երկրներում Հայաստանի դեսպաններին վերածել ավելի շատ ներդրումային կամ բիզնես գործակալների, որոնց հիմնական խնդիրը լինելու է ներդրումային մենեջմենթով զբաղվելը և Հայաստանը, որպես ներդրումների համար նպաստավոր երկիր, օտարերկրյա գործարարներին ու ներդրողներին հրամցնելը:

 

Այս «նոր» ուղղության որդեգրումը պարզորոշ արտահայտվեց երկու օր առաջ Մարզահամերգային համալիրում` արտգործնախարարության կենտրոնական ապարատի, դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքում: Այդ միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել էր Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները դրսում պոտենցիալ ներդրողներին ճանաչելի դարձնելու, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը որպես եվրասիական ընդհանուր տարածք մուտք գործելու ամենանպաստավոր խողովակ ներկայացնելու հարցը:

 

Իսկ ահա Հովիկ Աբրահամյանն առաջարկել է այդ խնդիրը լուծելու նպատակով ավելի խորացնել համագործակցությունը ՀՀ ԱԳՆ-ի և արտաքին տնտեսական հարաբերությունների համար պատասխանատու գերատեսչական մարմինների միջև` Հայաստանի գործարար հնարավորությունների և ներդրումային պայմանների մասին ամբողջական տեղեկատվություն պատրաստելու և փոխանակելու համար:

 

Առաջին հայացքից այս նախաձեռությունում, կարծես, որևէ արտառոց բան չկա: Այն, կարծես, հուշում է ներդրումներ ներգրավելու հարցում կառավարության գերշահագրգռվածությունն ու դրանց ուղղված կոնկրետ գործնական քայլեր կատարելու ցանկությունը: Իրականում, սակայն, դրանում ոչ մի նորարարական բան չկա: Ըստ էության` վարչապետը պարզապես բարձրացնում է, ոչ ավելի, ոչ պակաս, հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրենց ամենահիմնական պարտականություններից մեկը կատարելու անհրաժեշտության հարցը: Այսինքն` նա նախագահի հետ միասին որոշել է դեսպաններին սովորեցնել աշխատել:

 

Այս տեսակետից ՄՀՀ-ում կազմակերպված հավաքն ավելի շատ դիվանագիտական հմտությունների կատարելագործման մինիսեմինար էր հիշեցնում, որտեղ նախագահն ու վարչապետը դասախոսների դեր էին ստանձնել:

 

Այս նախաձեռնությունը նշանակում է երկու բան: Առաջին` որ դեսպանները, փաստորեն, մինչ այս իրենց տեղում չեն եղել և առնվազն տնտեսական համագործակցության ոլորտի մասով կատարյալ անգործություն են ցուցաբերել, ինչով և փորձ է արվում բացատրել արտաքին ներդրողների հետաքրքրության բացակայությունը Հայաստանի և նրա տնտեսության նկատմամբ: Այս իմաստով սա պարզապես արտաքին տնտեսական քաղաքականության դիվանագիտական ձախողման ինքնախոստովանություն էր:

 

Երկրորդ` ըստ էության` տեղի է ունենում ներդրումային ձախողված քաղաքականության պատասխանատվությունը դեսպանների վրա բարդելու ինչ-որ պրոցես: Որքան էլ տնտեսական համագործակցության բաղադրիչը դեսպանների գործունեության առանցքային մասն է կազմում, առավել ևս` Հայաստանի նման կիսամեկուսացած երկրի պայմաններում, այնուամենայնիվ, նրանք չեն կարող, ինչպես ասում են, իրենց գլխից վերև ցատկել: Ներդրողներին համոզելը դեռ ներդրումներ բերելու երաշխիք չէ: Փողի հետ գործ ունեցող որևէ մեկը, առավել ևս` լուրջ փորձառություն և «հոտառություն» ունեցող բիզնեսմենը, որևէ երկրում ներդրում չի կատարում զուտ այդ երկրի դեսպանի խոսքին անվերապահորեն հավատալու արդյունքում: Նրանք ինքնուրույն են հետազոտում, վերլուծում և հասկանում` որքանով է տվյալ երկրում ներդրում կատարելը ապահով, երաշխավորված և շահութաբեր: Կապիտալը, որպես կանոն, ինքն է ընտրում` որտեղ է ավելի հարմար «հանգրվանել» և վաղ, թե ուշ գտնում է այդ վայրը:

 

Եթե մեկ տարվա ընթացքում Հայաստանի արտաքին ներդրումների ծավալը նվազում է ավելի քան կիսով չափ, ինչն արձանագրվեց 2013թ., ապա դա նշանակում է, որ որքան էլ կառավարությունը բարձր գոռա ներդրումների համար նպաստավոր պայմանների առկայության, դրանք ավելի բարելավելու պատրաստակամության մասին, դրանք որևէ հավատ չեն ներշնչում, որովհետև իրականությունը բոլորովին այլ է: Որևէ ներդրող չի ցանկանում գալ, ներդրում կատարել, հետո շահույթը կիսել քրեաօլիգարխիկ ինչ-որ տարրերի հետ կամ ընկնել մի քանի «շուստրիների» թակարդն ու եղած-չեղածը վատնել` հայաստանյան դատարանների դռներն ընկնելով ու անիմաստ արդարադատություն որոնելով:

 

2011թ. սփյուռքահայ գործարարներից մեկը` Վահագն Հովնանյանը, տարբեր ոլորտներում իր կողմից ներդրումներ կատարելուն հայաստանյան որոշ շրջանակներից իրեն խոչընդոտելու և ահաբեկելու հետ կապված, մի քանի սենսացիոն բացահայտումներ արեց, որոնց ոչ միայն կառավարությունը չանդրադարձավ, այլ նաև իրավապահ մարմինները:

 

Եթե սեփական հայրենիքում ներդրումներ անելու ցանկություն չունեն նույնիսկ ծագումով հայ գործարարները, որոնց մի մասը պարզապես կիսատ են թողնում Հայաստանում սկսած իրենց բիզնես նախագծերը և փախչում, ինչպե՞ս կարելի է համոզել որևէ օտարերկրացու գալ և ներդրում կատարել:

 

Կան ցուցիչներ, որոնք, անկախ կառավարության կամքից, մատնում են իրականությունը և դրանից փախչելու տեղ ուղղակի չկա: Այդ իրականության համար միայն դեսպանների վատ աշխատանքը թիրախավորելը պարզապես նշանակում է խեղաթյուրել նույն իրականությունը և ավելի խորացնել ճգնաժամը:

 

Հետևաբար, բնական պետք է համարել դեսպանների ռեակցիան, ովքեր, հասկանալով յուրատեսակ քավության նոխազ դառնալու հնարավորությունը, փորձում են պաշտպանվել` բացահայտելով շատ ավելի խայտառակ մի իրականություն: Պարզվում է, որ կառավարության համապատասխան օղակների և դեսպանատների միջև առողջ կապ ուղղակի գոյություն չի ունեցել, կամ այդ կապն աշխատել է ծայրահեղ վատ: Վերոնշյալ հավաքի ժամանակ դեսպանները դժգոհել են վարչապետին, թե ներդրումների հետ կապված իրենց առաջարկությունները նախարարությունների կողմից ուշադրության չեն արժանանում և նշել են կոնկրետ դեպքեր: Նրանք նաև բողոքել են, որ նախարարություններից չեն ստանում ներդրումային ծրագրերի առաջարկություններ, առանց որոնց չեն կարող բանակցությունների մեջ մտնել պոտենցիալ ներդրողների հետ:

 

Ելնելով դրանից` վարչապետը կառավարության այսօրվա նիստում նախարարներին հանձնարարել է պատրաստել նման ոլորտային ծրագրեր և արտգործնախարարության խողովակով աշխատել դեսպանատների հետ:

 

Ստացվում է, որ արտաքին ներդրումների ապահովման մասին խոսակցությունները մինչ այսօր ուղղակի կտրված են եղել իրականությունից, որովհետև խնդրի լուծման ամենատարրական մեխանիզմներն ապահովված չեն եղել, համակարգը գործել է զուտ իներցիայով, աջ ձեռքը ոչ միայն չի իմացել` ինչ է անում ձախը, այլև, կամա, թե ակամա, խանգարել է նրան:

 

Որքան էլ տհաճ է այդ մասին խոստովանելը, սակայն ճահճից դուրս գալու առաջին պայմանը ճահճում գտնվելու գիտակցումն է: Կառավարությունը, կարծես, գիտակցեց դա: Մնում է դրանից դուրս գալու ճարը գտնի:

 

Գևորգ Աղաբաբյան