Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մյունխենում Ի. Ալիևի հետ բանավեճում Նիկոլի արտահայտած մտքերը նորություն չէին: Դրանք արտահայտում էին նրա մակերեսային գիտելիքները թե՛ մեր ժողովրդի, մասնավորապես, Արցախի համար նրա մղած պայքարի պատմության, թե՛ արցախյան խնդրի լուծման համար վերջին երեք տասնամայակներում քաղաքական ու դիվանագիտական ջանքերի մասին: Այս մտքերը նա պարբերաբար հնչեցրել է իր վարչապետության առաջին օրերից: Տարբերությունը միայն այն էր, որ Նիկոլի լսարանը Մյունխենում ոչ թե «հպարտ քաղաքացիներն» էին ու իմքայլականները, որոնց համար կարևոր է Նիկոլի ճառերի բոցավառությունը, բայց ոչ բովանդակությունը, այլ օտարերկրյա քաղաքագետներ, դիվանագետներ և ադրբեջանական պատվիրակությունը: Վերջիններիս համար Ի. Ալիևը խոսքը, որը հիմնված էր կեղծ փաստերի վրա, հասկանալի էր, քանի որ տրամաբանական էր, մինչդեռ Փաշինյանն անհասկանալի էր, բայց զվարճալի՝ իր Տիգրան Մեծով, Ստալինով և միկրո հեղափոխություններով: Ոմանք զայրացած հարցնում են՝ թե մեկը չկա՞ր, մի «շպառգալկա» գրեր, տար էդ մարդուն: Նիկոլին «շպառգալկա» պետք չէ: Նրա համար պատմությունը անցած, հնացած բան է, որ շահարկվում է հների կողմից՝ ռևանշի համար: Նրա համար պատմությունը սկսվում է «Թավշյա հեղափոխությունով» և իր՝ իշխանության գալով:
Իրականում՝ թե՛ արտաքին հարաբերություններում նրա այս կոմիկական պահվածքը, և թե՛ ներքին կյանքում նրա շոուները, ուղղված են քողարկելու իր կողմից ստանձնած հանձնառությունների հետևողական իրականացնումը: Նա դեն է շպրտել արցախյան հարցի լուծման փաթեթային տարբերակը և ձեռնամուխ է եղել բանակցային գործընթացում լևոնական, փուլային տարբերակի իրականացմանը:
Այս ամենից ելնելով է, որ Նիկոլը Արցախի խնդրի կարգավորումը սկսում է զրոյից, ջնջելով նախկիում եղած գործընթացները և դիրքորոշումները։ Սակայն նա նաև շատ լավ գիտակցում է փուլային տարբերակի հետևանքները, ուստի քայլեր է ձեռնարկում նաև հետագայում պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելու համար, հայտարարելով, որ կանի այն, ինչ կասի ժողովուրդը, իսկ որպեսզի ժողովուրդը «ճիշտ» կողմնորոշվի՝ նրան պատրաստում է խաղաղության։ Նա նաև հասկանում է՝ փուլային տարբերակի արդյունքում ինքը ստիպված է լինելու զիջել ավելին, քան որևէ մեկը, այդ թվում՝ իր ամենաջերմեռանդ կողմնակիցը, պատկերացնում է, ուստի շրջանառության մեջ է դրել նաև այն թեզը, որ ժողովուրդը պետք է ասի այնպիսի բան, որն ընդունելի լինի ոչ միայն Արցախի ու ՀՀ-ի, այլև Ադրբեջանի ժողովրդի համար։ Իսկ որպեսզի ժողովուրդը առնվազն չընդվզի իր կողմից ձեռնարկվելիք քայլերի դեմ, անհրաժեշտ է շարունակել հեղափոխական հռետորաբանությունը, նախկինների դեմ պայքարի հիպնոսի տակ նրան պահելու համար։
Եթե վարչապետի վարքագծի կոմիզմի բաղադրիչը թողնենք մի կողմ և չխաբվենք նրա շինծու պակասամտությանը, ապա կտեսնենք, որ Փաշինյանը հետևողականորեն օտարում է ՀՀ-ն Արցախից, Արցախի ինքնորոշման իրավունքը փոխարինում է Ադրբեջանում հայ բնակչության անվտանգության երաշխիքների պահանջով, այդպիսով խնդիրը հանգեցնելով տարածքում ապրող հայերի և ադրբեջանցիների միջև միջէթնիկական կոնֆլիկտի։
Եվ այս նպատակներին հասնելու համար ձևավորում է իմքայլականներին սպասարկող իրավական համակարգ, դեգրադացնում հասարակության ինքնագիտակցությունը, պառակտում է ազգը և փորձում նրան վերածել միայն հաց ու տեսարան պահանջող ամբոխի, իսկ պետությունը՝ օտարներին սպասարկող բանանային հանրապետություն:
Վ. Հ.