կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-21 04:44
Հասարակություն

Աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում

Աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում

Հաճախ տպավորություն է ստեղծվում, թե մեր իշխանությունները չգիտեն, թե ինչ են ուզում, օրինակ` մի կողմից` հանքարդյունաբերությունն են փորձում զարգացնել, մյուս կողմից՝ զբոսաշրջությունը, որոնք ի սկզբանե միմյանց հակասող ոլորտներ են:

Լոռու եւ Կոտայքի մարզերը` Ծաղկաձորը, Սեւանը եւ Տաթեւը, ցանկանում են դարձնել զբոսաշրջության կենտրոններ, եւ հենց այդ տարածքներում վերջին տարիներին, մեր կառավարության թեթեւ ձեռքով, որոշ կազմակերպությունների են հանձնել տարածքներ` հանքարդյունաբերությունը զարգացնելու համար:

Եթե արտերկրից պարզապես համացանցով տեղեկանան, որ, օրինակ, Լոռու մարզում գոյություն ունեն մեծ հանքավայրեր, օդը աղտոտող ծխնելույզներ ու պոչամբարներ,  Ծաղկաձորի հենց կողքին ցեմենտի գործարան է, իսկ Տաթեւում, որտեղ վերջերս բացվեց աշխարհի ամենամեծ ճոպանուղին, կշահագործվեն Հալիձորի ոսկու եւ Սվարանցի երկաթի հանքերը, կհրաժարվեն Հայաստանում հանգստանալու մտքից:

Հայաստանը, իրոք, մեծ հնարավորություն ունի տարբեր ուղղությունների (մշակութային, արկածային, խոհանոցային, էկո, ագրո եւ այլն) զբոսաշրջություն զարգացնելու եւ էկոլոգիապես մաքուր գյուղմթերք արտադրելու, հետեւաբար շեշտը հարկավորև է դնել դրա վրա, այլ ոչ թե հանքարդյունաբերության, քանի որ զբոսաշրջության զարգացումից կշահեն ոչ միայն գործարարները, այլեւ բնակիչները, իսկ հանքարդյունաբերությունից` մի քանի հոգի: