Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գնում ենք Ամանորի գնումներ անելու՝ սնունդ: Գնացինք… Ձեռքի հետ էլ օրվա ուտելիքն ենք առնելու: Մտանք սուպերմարկետ: Առանց հացի ո՞ր մի հայը սեղան կնստի: Երեխաների սիրած հացն ուրիշ է, ամուսնունը՝ ուրիշ: Հայ կինն ընտանիքի յուրաքանչյուր անդամի ճաշակը հաշվի առնելով է առևտուր անում, դե ինքն էլ ուտում է այն, ինչ ընտանիքն է սիրում: Լայն սպառման հացամթերքի վրա ոչ մի մակնշում չկա, անգամ ավելորդ է որևէ պիտակ փնտրելը: Էլ չասենք, որ հացերն ուղղակի դարսված են դարակներում ու հարց է՝ փռից մինչև խանութ հասնելն ի՞նչ ոդիսական են ունեցել, անլվա քանի ձեռքով են անցել: Ուրեմն չփաթեթավորված հացի վրա էլ ի՞նչ մակնշում: Իրականում, այն պիտի լիներ. օրենքն է պահանջում, որ նշված լինի, թե խոնավությունը քանի տոկոս է, բարձրակարգ, թե երկրորդ կարգի ալյուրով է պատրաստված: Դե թեփի մասին չենք խոսում, որովհետև, որպես կանոն, սնունդ արտադրողներն օգտակար ու առողջարար բաները հանում-վերացնում են: Պարզվում է՝ եթե հացի խոնավության ցուցանիշը թեկուզ մեկ տոկոսով բարձրանա, քաշը 3 տոկոսով կծանրանա: Այսինքն՝ հաց արտադրողը 10 տոննայի մեջ կարող է 300 կգ-ի հավելյալ շահույթ ստանալ: Ո՞վ է խորանում՝ խոնավություն, քաշ, անլվա ձեռքեր. հաց է, առնում-տուն ենք տանում ու վերջ: Կարևորը թարմ լինի, նոր թխած:
Հասանք կաթնամթերքի բաժին.
Ոչ ոք չի կարող պնդել, թե թթվասերն էժան կաթանմթերք է: Լավ էլ թանկ է: Կաթնամթերք էլ ասում ենք. հումքը չոր վերականգնողական կաթն է, կաթանյուղի փոխարեն էլ բուսական յուղ է օգտագործվում: Իրականում թթվասեր կոչվող արտադրանքի վրա պետք է ոչ թե «կաթնամթերք» գրված լինի, այն էլ՝ «պատրաստված է անարատ կաթից», այլ ազնվորեն նշված լինի՝ թթվասերի տեխնոլոգիայով արտադրված չգիտեմինչ: «Կաթնամթերքի 98 տոկոսը տեղական արտադրության է. օգնենք մեզ, գնենք մերը»,- մտածում ենք ու ձեռքներս առնում հայատառ կաթ-մածուն-թթվասերը: Տեղական արտադրության, իսկ հումքի 40 տոկոսը ներկրված է: Ինչևէ, «թթվասերն» էլ դրեցինք զամբյուղի մեջ՝ հիշելով, թե գովազդային պաստառներին ալպիական մարգագետիններում արածող ինչ սիրունատես, պարարտ կովեր ենք տեսել ու հավատացել, որ հենց այդ «կինոյի կովի» անարատ կաթից պատրաստված թթվասերն էլ տուն ենք տանում:
Միս՝ գեղագիտորեն կտրատված ու դասավորված
Մսամթերքի բաժնում ոտքներս կախ ենք գցում: Հանաք բան չի. ամենաթանկ մթերքն ենք առնելու, պիտի մի լավ տնտղենք, ոսկորի ու մսի հարաբերակցությունը ծանրութեթև անենք՝ մսի քաշային գերազանցության հաշվին: Տեղականի ու ոչ տեղականի հարցում խաբվելը դժվար է: Հմուտ տանտիրուհիները չխաբվելու ձևերեը գիտեն: Իսկ օրինակ՝ երշիկ-նրբերշիկ-ապուխտ ենթատեքստում կողմոնորոշվելն ուղղակի անհնար է: Դարձյալ 96 տոկոսով տեղական արտադրության է՝ 96 տոկոսն էլ ներկրված հումքով: Ընտանիքի առողջությամբ մտահոգ տիկինը մակնշում է փնտրում, ուզում է իմանալ հնդկական գոմեշի՞ մսից է պատրաստված, թե բրազիլական կամ կանադական այլ խոշոր եղջերավորի, որին լույս աշխարհ գալուց մինչև սպանդանոց տանելը հորմոն ու խթանիչներ են տվել:
Սպառողների ազգային ասոցիացիան մի մտահոգիչ լուր է ստացել՝ վերջերս երկու ընկերություն Հայաստան է ներկրել անորակ միս. թափե՞լ, թե հետ ուղարկել տարբերակներից ընտրվել է երրորդը՝ ջերմային լավ մշակման ենթարկել, մսամթերք արտադրել ու էժան գներով վաճառել՝ վրան գրելով՝ ակցիա:
Ըմպելիքի գույնը որքան վառ՝ այնքան վնասակար
Դարակներում տեսակ-տեսակ, գույն-գույն շշեր են շարված: Հատկապես Ամանորից առաջ դրանց քանակն ահագնանում ու մարտչող է դառնում, երանգներն էլ մգանում են: 2 տարի առաջ լայն հնչեղություն ստացավ՝ խանութներում մանկական շոմպայն-գինի էր վաճառվել: Փառք Աստծո, էլ չկա, բայց փոխարենն անհայտ ծագման ինչ տեսակի ըմպելիք ասես, որ չի վաճառվում: Ընտանիքի մայրը սայլակն արագ սահեցրեց ըմպելիքների բաժնից՝ խեթ-խեթ նայելով գազավորված գունավոր շշերին: «Բախտս բերեց. փոքր աղջիկս այսօր հետս չէ, թե չէ գլուխս տանելու էր՝ մամա, մի շիշ առնենք էլի: Բայց դե Նոր տարուն պիտի գնենք, ճար չկա: Հյուրերն իմ անմահական կոմպոտները թողած՝ դրանք են խմում»,-սրտնեղեց հայ ավանդական ընտանիքի ավանդապաշտ տիրուհին:
Նա սայլակը մի քանի բաժիններով ևս պտտեցրեց, վաղուց ստուգած ու հավանած կոնֆետներից, մյուս մթերքներից էլ գնեց և մոտեցավ դրամարկղին: Հերթ էր, մարդիկ ծանրաբեռնված մի քանի սայլակով էին սպասում: Հիշեց իր մանկության Նոր տարին. սեղանին մոր պատրաստած անուշաբույր դոլման էր՝ գյուղից ուղարկված անարատ մսով, առանց շաքարի չորացրած մրգերը, շոկոլադե կոնֆետները, որ տատիկը դեռ սեպտեմբերից 3 լիտրանոց բանկայով պահում էր, տանձ, խնձոր մանդարին ու լի՜քը սեր, ծիծաղ, ուրախություն…
Նաիր Յան