Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը հավանություն կտա «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին, ըստ որի` շրջանառության հարկի ռեժիմի անցնելու` ապրանքների գույքագրման պահանջի կատարումը տնտեսվարող սուբյեկտների համար հետաձգվում է մինչև 2015թ. փետրվարի 1-ը:
Օրենսդրական այս փոփոխությունը բխում է երեք օր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համապատասխան հանձնարարականից, որը տրվեց առևտրի ոլորտի փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ վարչապետի, ապա նաև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպումների արդյունքում: Առևտրականների` կառավարության հետ բանակցող խմբի անդամներից մեկը` Սամսոն Գրիգորյանը, այդ հանդիպումներից հետո լրագրողներին ասել էր, թե գույքագրման ժամկետների հետաձգման իմաստն այն է, որ այդ ընթացքում առաջնահերթորեն լուծվի խոշոր տնտեսվարողների մոտ ապրանքների փաստաթղթավորման հարցը, ինչից հետո իրենք որևէ խնդիր չեն ունենա հարկային մարմիններին իրենց ապրանքաշրջանառությունը հավաստող հաշիվ-ապրանքագրերը տրամադրելու հարցում:
Սակայն, դատելով վարչապետի տված հանձնարարականից, ավելի ճիշտ` դրանում օրենսդրական փոփոխությունները կատարելու համար բերվող պատճառաբանություններից, գույքագրման ժամկետները հետաձգվում են ոչ թե խոշոր տնտեսվարողների իրական ապրանքաշրջանառությունը բացահայտելու և փաստաթղթավորելու խնդիրը լուծելու, այլ «գույքագրման ձեւանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման եւ այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի» ձեռնարկման համար: Այսինքն` ստացվում է, որ եթե անգամ կառավարությունն առաջնային է դարձրել խոշոր տնտեսվարողների մոտ գույքագրման խնդրի կարգավորումը, դրա իրականացման լավագույն ձևը համարում է, ոչ ավելի, ոչ պակաս, ուսուցողական դասընթացները և վարչարարությունը` ընդ որում` չնշելով, թե վերջինիս ներքո հատկապես ինչը նկատի ունի:
Հաշվի առնելով հարկահավաքման ոլորտում մինչև օրս վարչարարության կիրառման տխուր և հիմնականում անարդյունք պրակտիկան, կարելի է մոտավորապես ենթադրել, թե այս անգամ էլ նման մեթոդներին ապավինելն ինչի է հանգեցնելու: Ելնելով նման ձևակերպումներից` պարզ է դառնում, որ իրականում այս ամենը կառավարության և առևտրի ոլորտի ՓՄՁ-ների ներկայացուցիչների միջև կուլիսային լուռ համաձայնության արդյունք է և, որպես ժամանակավոր լուծում, բավարարում է երկու կողմին էլ:
ՓՄՁ-ները մինչև փետրվար ազատվում են հարկայինի կողմից «տեռորի» ենթարկվելու հեռանկարից` ստանալով այս օրերին բողոքի ակցիաների պատճառով մասնակի հարկադիր պարապուրդի արդյունքում ունեցած կորուստները վերականգնելու հնարավորություն: Իսկ կառավարությունը չեզոքացնում է նրանց բողոքի ահագնացող ալիքը ոչ իշխանական ուժերի կողմից քաղաքականացնելու և իշխանության դեմ պայքարում գործիք դարձնելու անթաքույց միտումները: Եթե սոցիալական այս շերտը ևս միանար ոչ իշխանական ուժերի կողմից զարգացվող պրոցեսներին, իշխանության համար կարող էր իսկապես պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվել, քանի որ դա ուղեկցվելու էր առանց այն էլ մի կերպ շնչող տնտեսությունը պարալիզացմամբ: Իշխանությունը կարող էր կանգնել իրական սոցիալական բունտի փաստի առջև: Օրենքում փոփոխություն կատարելու այս հապճեպ քայլը դրանից խուսափելու թերևս լավագույն տարբերակն էր, և պատահական չէր, որ այդ փոփոխությունները կատարելու օրինագիծ մշակելու համար վարչապետը հենց եռօրյա ժամկետ էր սահմանել, որը սպառվում էր հոկտեմբերի 10-ի, այսինքն` ոչ իշխանական եռյակ ուժերի կողմից հրավիրված հանրահավաքի նախօրեին:
Այս իմաստով եռյակը, հատկապես` ԲՀԿ-ն, ՓՄՁ-ների պահանջները սեփականացնելու իր անթաքույց մղումներով, ակամա նպաստեց առևտրականների խնդիրների ժամանակավոր լուծմանը: Բայց շրջանառության հարկի շուրջ ստեղծված այս իրավիճակը և հատկապես դրա հանգուցալուծումը բերեց երկու շատ հետաքրքրական իրողություն, որոնք մի կողմից բնութագրում են հայատանյան տնտեսական համակարգի ճահճային և խեղված բնույթը, մյուս կողմից` բացահայտում իշխանական համակարգի ներսում ընթացող որոշ դիրքային վերադասավորումներ: Նախ` ուշագրավ էր այն հանգամանքը, որ օրենսդրական փոփոխություններ կատարելու որոշումը վարչապետ Հովիկ Աբրահամյանը կայացրեց միայն ՓՄՁ-ների ներկայացուցիչներին ֆինանսների նախարարի մոտ ուղարկելուց, ենթադրաբար` նաև նրանց միջև կայացած հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ մինչ այդ Աբրահամյանը բողոքող առևտրականներին նաև ԱԺ էր ուղարկել, սակայն դրանից հետո նրա դիրքորոշումը, կապված «Շրջանառության հարկի մասին» օրենքը պարտադիր կիրառելու և ՓՄՁ-ների առարկությունները հաշվի չառնելու հետ, չէր փոխվել: Սա թույլ է տալիս եզրակացնելու, որ եթե այս մարտավարական զիջմանը գնալու որոշումն իրականում հենց ֆինանսների նախարարի նախաձեռնությունը չէ, ապա Գագիկ Խաչատրյանը դրա վրա ունեցել է առնվազն վճռորոշ ազդեցություն: Այլ կերպ ասած` նա վերահաստատել է ոչ միայն իր` սուպերնախարարի կարգավիճակը, այլև այն, որ առնվազն ֆինանսների կառավարման և տնօրինման, դրա հետ կապված քաղաքական որոշումների կայացման հարցում նա կա'մ վարչապետից անկախ և ինքնուրույն է գործում, կա'մ օժտված է առնվազն նրանից ոչ պակաս իշխանությամբ: Եթե իսկապես այդպես է, ապա պետք է ընդունել, որ կառավարությունն իր «ծոցում», ի դեմս ֆիննախի, ուղղակի «մոնստր» է աճեցնում: Իսկ թե դա, սովորաբար, ինչի է հանգեցնում, թերևս չարժե անգամ մանրանալ:
Երկրորդ` որոշումը, անկախ նրանից` վարչապետինն էր այն, թե` նախարարինը, կայացվեց կուլիսներում և, ինչպես իրենք` առևտրականներն էին բնորոշել` «տղավարի»: Այս քննարկումները ընթանում էին ոչ թե օլիգարխահեն և մոնոպոլիաների վրա նստած տնտեսական համակարգն առողջացնելու տրամաբանությամբ, ինչի շանսն իրականում տալիս է բոլոր` թե' մեծ, թե' միջին ու փոքր տնտեսվարողների կողմից «Շրջանառության հարկի մասին» օրենքի պահանջների կատարումը, այլ խաղի` ներկայումս գործող խեղաթյուրված կանոնները պահպանելու: Առևտրականներն, իհարկե, մտածում են սեփական կաշին փրկելու մասին` չցանկանալով դառնալ ո'չ խոշոր, հիմնականում` մոնոպոլիզացված բիզնեսի, ոչ' էլ կառավարության պոտենցիալ զոհն ու քավության նոխազը, որոնց դեմ ոչ մի շանս չունեն: Նրանք, թերևս, հասկանում են, որ ավելորդ աժիոտաժը կարող էր խանգարել: Ինչո՞ւ անդարդ գլուխը դնել դարդի տակ, աղմուկ հանել, իրենց դեմ տրամադրել ողջ տնտեսաքաղաքական ու վարչական միահյուսված համակարգը, եթե կարելի է իշխանության հետ լեզու գտնել նրանց հասկանալի` «տղավարի» լեզվով: Դրա համար նրանց չես մեղադրի, և գուցե դա ինչ-որ տեղ ավելի լավ է, քան եթե որոշեին սուսուփուս երկրից հեռանալ:
Գևորգ Աղաբաբյան