կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-06-03 14:42
Իրավական

Դատապարտվեց 11 տարվա ազատազրկման` 16-ամյա աղջկա թրաֆիքինգի գործով

Դատապարտվեց 11 տարվա ազատազրկման` 16-ամյա աղջկա թրաֆիքինգի գործով

16-ամյա աղջկան թրաֆիքինգի ենթարկելու համար 25-ամյա Ռ.Մ.-ն դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: Առաջադրված մեղադրանքի մյուս` շահագործման նպատակով մարդ հավաքագրելու մասով արդարացվեց:

 

Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, մինչ վճռի հրապարակումն այսօր լսեց մեղադրյալի վերջին խոսքը: «Ես չեմ արել դա ու չեմ էլ գիտակցել, թե ինչ է դա: Հակառակ դեպքում` չէի գա Հայաստան ու ինքնակամ չէի հանձնվի: Ես դա չեմ արել, ինձ արդարացրեք»,- ասաց Ռ.Մ.-ն:

 

Այնուհետև դատարանն անցան խորհրդակցական սենյակ և մոտ մեկ ժամ անց հրապարակեց դատավճիռը: Ռ.Մ-ի պաշտպան Մարինե Թովմասյանը նշեց, որ դատավճիռն անպայման բողոքարկելու են: Ի դեպ, Yerkir.am-ն ավելի վաղ այս գործի մասին զրուցել է փաստաբան Մ. Թովմասյանի հետ, որը կներկայացնենք փոքր-ինչ ուշ:

 

Նշենք միայն, որ թրաֆիքինգի այս գործով երկու ամբաստանյալ էր անցնում: Առաջինը` Քրիստինե Ներսիսյանը, դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: Նրա գործով դատավճիռն արդեն իսկ ուժի մեջ է մտել:

 

Հիշեցնենք, որ մեղադրյալ Ռ.Մ-ն, համաձայն մեղադրականի, 2011 թվականի հուլիսին իր հանցակցի հետ անչափահաս` 16-ամյա Արեւիկին ՀՀ Բագրատաշենի սահմանային կետով շահագործման նպատակով տեղափոխել էին ՌԴ Մինվոդի քաղաք: Այնտեղ աղջկա փախուստը կանխելու նպատակով վերցրել էին նրա անձնագիրը, ապա, բռնություն գործադրելով, փորձել էին ներգրավել պոռնկության մեջ՝ ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ և աշխատած գումարները փոխանցել իրենց: 

 

Սակայն տեսնելով, որ աղջիկը դիմադրում է, պարտադրել էին Մինվոդի քաղաքին հարակից Նագուտսայա գյուղում գբաղվել հողագործությամբ: Շուրջ տասն օր  Ռուսաստանում մնալուց հետո աղջիկը փախել էր և հարևանությամբ ապրող հայերի օգնությամբ վերադարձել Հայաստան: