կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-23 12:20
Իրավական

Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման

Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործը:

 

Դատավոր Գագիկ Պողոսյանը մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման, նույն գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին` 14 տարվա ազատատազրկման, իսկ Սամվել Հարությունյանին` 12 տարվա:

 

Դատավորը վճիռ կայացրեց նաև գումարի բռնագանձման պահանջի մասին` Հայրիկյանի պաշտպանի հայցը թողնել առանց քննության, իսկ Սեդրակյանի գույքի նկատմամբ կիրառված կալանքը թողնել անփոփոխ:


Լրագրողների հետ զրույցում Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր  Սիրունյանն ասաց, որ վճիռն անպայման բողոքարկելու են  Վերաքննիչ դատարանում:

 

Լրագրողների հարցին` սպասու՞մ էիք նման պատժաչափ, Վարդան Սեդրակյանը պատասխանեց. «Իսկ դուք չէի՞ք տեսնում` ինչ դատավարություն էր ընթանում»:

 

Ամենից շատ հուզվել էր Սեդրակյանի կրտսեր որդին: Սեդրակյանի կինն էլ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ չէր սպասում նման պատժի:

 

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը Սեդրակյանի համար պահանջել էր 12 տարվա ազատազրկում:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: