կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-06 16:24
Իրավական

Թրաֆիքինգի գործերով 7-13 տարվա ազատազրկման են ենթարկվել

Թրաֆիքինգի գործերով 7-13 տարվա ազատազրկման են ենթարկվել

Թրաֆիքինգի դեմ պայքարը շարունակվում է և դասվում առաջնահերթ խնդիրների շարքը, սակայն ոչ այն պատճառով, որ երևույթը վտանգավոր չափերի է հասնում այստեղ, այլ պարզապես կարևորվում է դրա դեմ պայքարը: Հայաստանն այս գործում լուրջ առաջընթաց ունի, ինչն էլ նկատվում է գերտերությունների և միջազգային կառույցների կողմից. ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում դասակարգման երկրորդ խմբից տեղափոխվել ենք առաջին խումբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության ԿՀԴՊ 3-րդ վարչության պետ, գնդապետ Տիգրան Պետրոսյանը և ներկայացրեց հանրապետությունում թրաֆիքինգի մասով առկա իրավիճակն ու թվային տվյալները:

 

2013 թվականին և 2014-ի 9 ամիսների ընթացքում թրաֆիքինգի` Քրեական օրենսգրքի 132.2 հոդվածով հարուցվել է 15 գործ, որոնցից 10-ի դեպքում թրաֆիքինգը կազմակերպվել է հանցավոր խմբի կողմից: 9-ը գործով հանցագործությունը կատարվել է անչափահասի դեմ, 4-ը վերաբերել է անձին մուրացկանության մեջ ներգրավելուն, 1-ը` Ռուսաստանում աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվելուն, 1-ը` օրգանների առուվաճառքին:

 

Մեղադրանք է առաջադրվել 17 անձի, որոնցից 4-ի հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել:

 

2012-2014 թվականներին թրաֆիքինգի հոդվածով դատապարտվել է 28 անձ: Միայն մեկի դեպքում պատիժ է նշանակվել 4 տարվա ազատազրկումը, մյուս դեպքերում ազատազրկման չափը եղել է 7-13 տարի:

 

Տ. Պետրոսյանը հայտնեց նաև, որ ներկայումս ԱԺ առաջին ընթերցմանն է ներկայացվելու «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ այս ոլորտում առկա հիմնական բացերը կլրացվեն: