Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, երբ ներկայացվում էին 2013թ. բյուջեի կատարման հաշվետվությունները, Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման վերաբերյալ հիմնական զեկուցող ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ 2013թ. աննախադեպ տարի էր արտաքին պարտքի սպասարկման առումով, որը կազմել է 861 միլիոն դոլար կամ բյուջեի եկամտային մասին շուրջ 33 տոկոսը: Համեմատելով նախորդ տարվա արտաքին պարտքի սպասրկման ցուցանիշի հետ` պատգամավորը նշեց, որ այս տարի երկու անգամ ավելի շատ է եղել` 2012-ին այդ ցուցանիշը կազմել է 239 միլիոն դոլար:
«2020-ին արտաքին պարտքի սպասարկման ցուցանիշը հասնելու է մեկ միլիարդ դոլարի: Որքանո՞վ են նպատակահարմար այդպիսի պիկերը, ի՞նչ կտա դա տնտեսությանը, ինչպե՞ս կազդեն տնտեսության վրա այդ կտրուկ վերելքները, ինչո՞ւ հնարավոր չէ սահուն դարձնել արտաքին պարտքի սպասարկման աճը»,- հարցեց Փաշինյանը:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ արտաքին պարտքի սպասարկման կտրուկ աճը պայմանավորված է եղել ռուսական 500 միլիոն դոլար վարկը ժամկետից շուտ մարելու` քաղաքական որոշումով:
«Ճիշտ եք ասում` արտաքին պարտքի սպասարկման պիկ ենք ունենալու 2020-ին, Ձեր անհանգստությունը հասկանալի է, թե արդյո՞ք ունակ ենք լինելու սպասարկել արտաքին պարտքը: Ես` որպես ԿԲ նախագահ, ասում եմ, որ` այո, ունակ ենք լինելու սպասարկել, քանի որ ունենք լուրջ գործիքներ»,- ասաց Արթուր Ջավադյանը` հավելելով, որ 2013 թվականն ավարտել են արտաքին ռեզերվների` պատմականորեն ամենաբարձր մակարդակով:
ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն էլ խիստ մասնագիտական պատասխան տվեց` ասելով, որ հարցի ճիշտ հասցեատերը կառավարությունն է, Հայաստանը վաղաժամկետ մարել է ռուսական վարկը, որը, ի դեպ, լողացող տոկոսադրույքով է եղել, ինչը ունի իր ռիսկերը: «Մեկ միլիարդ դոլարը, իհարկե, տպավորիչ է հնչում, բայց դա վերաբերում է 2020-ին, մենք դրան հանգիստ ենք նայում»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով, նշեց, որ գլխավոր գանձապետի ելույթը ավելի շատ Պարույր Սևակի բանաստեղծություններից մեկին էր նման, և այդ համատեսքտում ԿԲ նախագահի պատասխանը, քիչ, թե շատ, ավելի հասկանալի էր, որով պարզ է դառնում, որ կայացվել է քաղաքական որոշում, և արտաքին պարտքի սպասարկումը հետ է մղվել դեպի 2020թ:
«Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ, դրան է նման այդ քաղաքական որոշումը` որքան հնարավոր է պարտքը հեռացնել իրենցից: Սա աննախադեպ պիկ է, որն ավելի շատ հարցեր է առաջադրում, քան այս երկարատև պատասխաններն էին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արթուր Ջավադյանն էլ նշեց, որ մտադիր չեն պարտքն իրենցից հետ մղել, և անկախ այդ ռուսական վարկից, միևնույն է, 2020-ին, արտաքին պարտքի սպասարկումն ավելի շատ է լինելու:
«Մի պարտքը վերցնում եք, որ մյուսի պարտքը տաք»,- տեղից արձագանքեց Փաշինյանը: