կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-21 14:26
Քաղաքական

«Ժառանգությունը» Պարույր Սևակի հինգերորդ եղանակն է Երևանի համար․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգությունը» Պարույր Սևակի հինգերորդ եղանակն է Երևանի համար․ Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր սեպտեմբերի 21-ն է` Հայաստանի Հանրապետության անկախության օրը,  և այսօր իրենց քարոզարշավն են ամփոփում Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին մասնակցող 12 ուժերը:

«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի սրտում` Արամ Խաչատրյանի արձանի մոտ,  ամփոփեց քարոզարշավի 11 օրերը: Եկել էին կուսակցության անդամները՝ իրենց ընտանիքներով, համակիրներն ու հետաքրքրասեր մարդիկ:

Րաֆֆի Հովհաննիսյանը մեքենայից իջնելուն պես մոտեցավ հավաքված մարդկանց, անցորդներին, լրագրողներին, ժպտալով բարևեց ու շնորհավորեց, նրա բնորոշմամբ, Հայաստանի ամենակարևոր օրվա առթիվ: Նա նախ ասմունքեց «Մեր հայրենիքը», ապա վստահեցրեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը 15 տարի է, ինչ ծավալում է իր գործունեությունը Հայաստանում և միշտ լինելու է քաղաքացու կողքին, որքան էլ ոմանք ասեն, թե ժառանգականներն ընդհատակ են անցել:

«Եթե ուզում եք կապը, կամուրջը հնի և նորի միջև, անցյալի հրաշալի քաղաքակրթության և արդիական տեխնոլոգիաների մայրաքաղաքի միջև, եթե ուզում եք միացնողներ և ոչ թե բաժանողներ, ապա պետք է ընտրել թիվ 5-ը` Պարույր Սևակի հինգերորդ եղանակը Երևանի համար»,- ասաց «Ժառանգության» քաղաքապետի թեկնածուն:

«Ժառանգության» ցուցակի մյուս համարները` Արմեն Մարտիրոսյանը, Սեդա  Աղբալյանը, Հովսեփ Խուրշուդյանը, ելույթներով հանդես եկան: Խուրշուդյանը վստահաբար  ասաց, որ ամսի 24-ին Երևանը ժպտալու է այնպիսի քաղաքապետի հետ, որին տեսնելիս օտար քաղաքների քաղաքապետերը ժպտան, ոչ թե քմծիծաղ տան:

«Մեզ ասում են` բա ինչո՞ւ առաջ չէիք ժպտում։  Երևի հիշում եք, որ մենք միշտ ենք ժպտացել՝ և՛ նախկին իշխանությունների հետ հետապնդումների ժամանակ, և՛ կալանավայրերում, և՛ երբ մեզ պարտվել են: Իսկ մենք պարտվել ենք բազմիցս, ինչպես երգում է ասվում, բայց մեր կամքն էլ է ամուր քարից»,- ասաց Խուրշուդյանը և վստահեցրեց, որ իրենք նախկինի վերադարձ թույլ չեն տալու, իրենց ընտրությունը երաշխիք է լինելու, որ Ռոբերտ Քոչարյան չի լինելու քաղաքական ասպարեզում, այլ լինելու է հայտնի վայրում՝ իր արածներին համապատասխան:

«Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի ամփոփումն ընդմիջվեց ֆլեշմոբով, որը խմբակցության կարգախոսն էր հիշեցնում`Ժպտա՛: