Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1962 թ. հոկտեմբերին Հայաստան էր ժամանել ֆրանսահայ գրող Կարո Փոլատյանը: Նա Երևանում մի շարք հանդիպումներ էր ունեցել հայ գրողների հետ, սակայն շուրջ մեկ ամիս ցանկացել ու չէր կարողացել տեսնել Պարույր Սևակին. նա գտնվել էր գյուղում' Չանախչիում: Հանդիպում կազմակերպելու խնդրանքով ստիպված դիմում է Գուրգեն Մահարուն: Մահարին նրան խոստանում է. «Լուր կուղարկեմ Պարույրին, որ թողնի իր տան շինարարության աշխատանքները և գա ինձ մոտ: Այսօր` ժամը 9-ին: Ինձ մոտ կլինի նաև Վահագն Դավթյանը»: Հոկտեմբերի 12-ի երեկոյան նրանց հանդիպումը կայանում է: Փոլատյանը իր հետ ձայնագրիչ ուներ և հետագայում սղագրում է իրենց զրույցը: Ստորև ներկայացնում ենք հեղինակի գրառումները:
«Այդ օրը ուրիշ գործերով չզբղվեցա: Պայուսակս կարգի դրի, երկու ժամ մրափեցի և իրիկվան ժամը ճիշտ 9-ին Կասյան փողոցն էի արդեն:
Գուրգեն Մահարիի տան մեջ հավաքված էին արդեն, Մահարիի շուրջ, Պարույր Սևակը, Վահագն Դավթյանը, Համո Սահյանը և ուրիշ մի քանի արվեստագետներ, որոնց անունները չեմ հիշեր:
Ծանոթացանք, ողջագուրվեցինք: Սևակը սկսավ մեծ գովասանքներ շռայլել «Զրույց»-ներուս մասին, հայտարարելով որ Պոլ Էլյուարը, Սեն-Ճոն Պերսը, Ահարոնը և ուրիշներ ճանչցած էր շնորհիվ իմ «Զրույց»-ներուս, և երկարեց «Անլռելի զանգակատունը», ձոնված ինձի- տաղանդավոր «Զրույց»-ներու հեղինակ...
Հոդ կեցուցի զայն.
- Սիրելի Սևակ, «Զրույց»-ներու հեղինակը չի կրնա տաղանդավոր ըլլալ, մանր գործ է ըրածս, տաղանդավորը դուն ես, «Անլռելի զանգակատան» հեղինակը, հեղինակը նաև քանի մը ուժեղ ու հրաշալի քերթվածքներու, Ս. Մեսրոպի նվիրված, հայ ժողովրդին...: Տաղանդավոր՝ նաև «Թոնդրակեցիներ»-ու հեղինակը, ապա Համո Սահյանը, Գուրգեն Մահարին:
Եվ սկսա հարցուփորձել զանոնց կարգով: Իմացա, թե պատերազմի տարիներուն ուսանող են եղած Վահագն ու Սևակը, միասին ապրած: Պարույրը՝ գյուղեն, Վահագնը՝ բնակելով Երևան:
- Ես անոթի կմեռնեի, եթե չլիներ Վահագնի մայրը,- կհայտարարե Պարույրը,- ան է կերակրեր զիս, փլավով, թանապուրով, երբ ուրիշներ կտոր մը չոր հաց չունեին:
- Սիրելի Սևակ, ծնած ես ուրեմն Արարատյան դաշտին մեջ, համայնավար վարչակարգը երբ շատոնց հաստատված էր արդեն մեր երկրին մեջ: Ինչպե՞ս կրցար գրել Կոմիտասի կյանքը, ինչպե՞ս այդպիսի խոր ապրումով կրցար տալ մեր տառապանքը, 1915-ի Եղեռնը:
- Ինչու՞, հայ չե՞մ ես, չե՞մ կարող զգալ իմ ժողովրդի ցավը նույնքան խորապես, որքան դուք:
- Այդ չեմ ուզեր ըսել... վերջապես, ականատես չես եղած:
- Ես կապրիմ, կզգամ մեր ժողովուրդի կյանքը, իբրև թե ես ըլլայի, կրեի իմ մարմնիս վրա անոր վերքերը, իմ հոգիիս մեջ՝ անոր ցավն ու հրճվանքը:
- Իրավունք ունիս, ներողություն, թերևս վշտացուցի քեզ...
- Ոչ, պետք է ուղղեիր այդ հարցումը ինձի, իրավունք ունեիր...
- Եվ դուն ալ պատասխանեիր այդ ձևով. լավ, լավ, ուրախ եմ, հոգեպես կհրճվիմ, որ բոլորդ ալ կապրիք, կզգաք մեր ձևով, կամ մենք՝ ձեր ձևով:
- Ուրիշ կերպ կարելի չէ եր¨ևակայել: Հայ ենք, ամբողջական հայեր...
- Խոսինք քիչ մըն ալ մեր գրականության մասին, քանի որ այսքան հոգի ենք, մեզմե յուրաքանչյուրը թող ներկայացնե իր կարծիքը մեր գրականության մասին, անոր արժեքին, անոր ապագային մասին:
Պարույրը կդառնա Մահարիին.
- Գուրգեն խան, խոսքը քեզի կպատկանի:
- Ես լավատես եմ, պիտի մեծանա մեր գրականությունը: Սփյուռքի մեջ, շփման մեջ եվրոպական մեծ մշակույթներուն, այստեղ, շնորհիվ մարդկայնական լայն ըմբռնումներու, պետք է մեր գրականության սահմանները ընդարձակվին: Մենք այստեղ լման երեսուն տարի կորսնցուցինք: Մենք պետք է հառաջանանք 1917-ի ավանդություններով և ոչ թե 1937-ի:
Կխոսին նաև Համո Սահյանը, Վահագն Դավթյանը:
Կփոխեմ հարցումիս ձևը.
- Ինչպե՞ս պիտի ընենք, որ մեր ազգային բնույթ ունեցող, տեղական արժեք ներկայացնող գրականությունը հասցնենք համաշխարհային արժեքի: Օրինակով մը խոսիմ: Մեր մեծագույն վիպագիրը Րաֆֆին է: Շատ գեղեցիկ վեպեր գրած է, բայց կմնա տեղական արժեք: Ոևե եվրոպացի չի կրնար հաճույք զգա անոնց ընթերցումեն: Դոստոևսկին, Տոլստոյը ռուս են, Բալզակը՝ ֆրանսիացի, Դիկկենսը՝ անգլիացի, բայց անոնք կպատկանին համայն մարդկության, միջազգային արժեքներ են: Րաֆֆին՝ ոչ: Ինչու՞:
Պարույրը ցատկած է ոտքի.
- Կեցցես, ընկեր Փոլատյան, ես սրանց նույն բանը կըսեմ, կկրկնեմ, չեն հասկնար, չեն ուզեր հասկնալ... Ինչու՞ այդպես է՝ գիտե՞ք, որովհետև այդ քու հիշածներդ ավելի տաղանդավոր են, ավելի մեծ արվեստագետներ են, Րաֆֆին՝ ոչ:
- Պարագան նույնը չէ, օրինակ Նարեկացիի համար, Քուչակի, Սայաթ-Նովայի, Վարուժանի, Չարենցի համար: Անոնք ազգային են, տեղականեն բարձրացած են մարդկայինին, մտած համաշխարհային մտածողության սահմաններեն ներս:
- Կրկին ճիշտ,- կբացականչե Սևակը:- Անոնք մեզի ցույց կու տան մեր ուղին: Պետք է հառաջանանք անոնց ուղղությամբ:
...Դեռ կշարունակենք վիճիլ այս և ուրիշ գրական հարցերու մասին: Կես գիշերը անցած է շատոնց և ես հաջորդ առտու պիտի մեկնիմ:
Սեղանի վրա կդնեմ ալբոմս' հայտարարելով.
- Մեր ժողովրդի մասին, մեր գրականության, մեր ապագային մասին ձեր կարծիքները... խնդրեմ՝ գրեցեք կարգով...
...- Կարգը իմս է,- կըսե և ալբոմս Սահյանի ձեռքեն կառնե Պարույր Սևակը:- Ես ալ կուզեմ ամփոփել իմ կարծիքս մեր ժողովուրդի մասին, բանաձևել քանի մը տողով մեր հույսերը, ապագայի մեր սպասումները:
Կգրե.
Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում...
Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում,
Բայց մենք, նաև մենք պիտի ընդունենք,
Որ աշխարհում մենք Արարատ ունենք...
Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են կոչում...
...Եվ ինչու՞ պիտի չհպարտանանք:
Կանք:
Պիտի լինենք:
Ու դեռ... շատանանք:
15.10.1962
Պարույր Սևակ
Երևան:
Մյուսներուն հետ ողջագուրվելե ետք, Պարույր Սևակն ու Վահագն Դավթյանը կընկերանան ինձի, ինքնաշարժով մինչև պանդոկ:
Լուռ ենք երեքով: Բայց ես վստահ եմ, որ մեր միտքերը կլանված են նույն մտածումներով...»:
Հրապարակումը պատրաստեց Հովիկ Չարխչյանը