կարևոր
4945 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-16 23:33
Հասարակություն

Պարույր Սևակի փողոց-Էրեբունի ճանապարհին է գիշերը տեղի ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն. Ռուբեն Մելիքյան

«Երեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի աննախդեպ բան, որը ՀՀ ներկայիս իշխանությունների, ռեժիմի հետագա դեգրադացիայի մասին է խոսում և հերթական  քայլն է դեպքի գահավիժում»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ռուբեն  Մելիքյանն՝ անդրադառնալով  քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքին։

Փաստաբանը նախ նշեց՝  հայտնի միջադեպից 2 ժամ հետո Սամվել Վարդանյանը ձերբակալվել  և տարվել է  ոստիկանության բաժին, որտեղից էլ՝ Երևանի քննչական վարչություն։

«Հակոբ Ասլանյանի հացագործության մասին հաղորդման հիման վրա հարուցվել է  քրեական վարույթ՝ խուլիգանության հոդվածով, կատարվել են քննչական գործողություններ, եղել է առերեսում։ Մնացած քննչական գործընթացներն էլ ընթացել են նորմալ, որևէ լրացուցիչ միջադեպ չի եղել։ Մենք ևս ներգրաված ենք և մասնակցել ենք  քննչական գործողություններին։ Որևէ առողջական խնդիր նա չի ունեցել։ Այո, միջադեպի ժամանակ հարվածներ եղել են, բայց ուժեղ հարվածներ չեն եղել, որևէ հետք  չի մնացել Սամվելի մարմնի վրա»,- ներկայացրեց Մելիքյանն ու շարանակեց, որ երեկ, ժամը 20։ 45 րոպեին տեսել են Սամվելին վերջին անգամ, հրաժեշտ են տվել և տեղեկացրել, որ այսօր կրկին կայցելել։

«Պարզվում է, որ այդ ճանապարհին՝ Երևանի քննչական վարչությունից մինչև  ձերբակալվածների վայր, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում, տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն՝ մի մարդու նկատմամբ, որը գտնվում է պետության լիակատար պատասխանատվության ներքո։  Պետությունը ոտքով-գլխով պատասխանատու է այդ անձի նկատմամաբ, քանի որ նա ձերբակալված է։ Դեպքի մասին, ցավոք սրտի, մենք չենք իմացել։ Այսօր ես զանգ ստացա ԱԺ պատգամավորներից, որոնք մեր պայմանավորվածության համաձայն այցելել են Սամվելին և նրանք են պարզել այդ ողջ եղելությունը։ Սամվելը նրանց ներկայացրել է փաստերը և անմիջապես կապվել են իմ և Վարզդատի հետ։ Սամվելից ստացել ենք թույլտվություն՝ այս հարցերը բարձրաձայնելու համար»,- ասաց փաստաբանը։ 

Մելիքյանը նշեց, որ կատարվածը ներկայացնելու են նաև միջազգային գործընկերներին։

«Որևէ  դուռ չենք թողնելու չծեծված։ Դռնից հանեն՝ պատուհանից ենք մտնելու։ Այս հարցն ամենասկզբունքային հարցն է, որն  այսօր մեր իրավապաշտպանական փոքր նշույլ ունեցող մարդու առջև կարող է կանգնել։ Սա բնականաբար խոշտանգման դրսևորում է»,- շեշտեց Մելիքյանը։  

Հիշեցնենք՝ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։ Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, պատգամավորին վիրավորած երիտսարդը ձերբակալվել է: