կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-22 09:56
Սպորտ

Հայաստանն արժանի է օլիմպիական չեմպիոնների. Արմեն Նազարյան

Հայաստանն արժանի է օլիմպիական չեմպիոնների. Արմեն Նազարյան

Այս օրերին Հայաստանում էր գտնվում օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, այժմ ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հարցազրույց է ունեցել նախկին մարզիկի հետ: Ստորև ներկայացնում ենք այն:

 

-Արմեն, ի՞նչ կարող է ասել Նազարյան մարզիկը Նազարյան մարզչի մասին:

 

-Ես մրցագորգում արժանի մրցելույթներ եմ ունեցել, դարձել եմ կրկնակի օլիմպիական չեմպիոն՝ Հայաստանի և Բուլղարիայի դրոշների ներքո: Սակայն պետք է ասեմ, որ մրցագորգից դուրս աշխատանքը ավելի բարդ է, ավելի պատասխանատու: Գորգում պատասխան էի տալիս ինքս իմ արարքներին, այժմ բոլորի համար եմ պատասխանատու:

 

-Այնուամենայնիվ, քեզ մոտ ստացվում է: Քո ղեկավարությամբ Բուլղարիան արդեն ունի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ:

 

-Ես երկար ժամանակ համագործակցել եմ Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ, 10 տարի եղել եմ խորհրդական: Բնականաբար, ինձ այս աշխատանքը վստահելիս՝ հաշվի են առել այդ հանգամանքը: Բայց, իհարկե, պետք ձգտել առավելագույնին. առջևում նոր մրցումներ են, պետք է փորձենք գրավել նաև օլիմպիական բարձունքը:

 

-Հաճախ ես լինում Հայաստանում: Կարծես երկու ճակատով աշխատես:

 

- Այդպես էլ կա, չէ որ ես առաջին ոսկին շահել եմ Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալիս: Այստեղ ես ծնվել, մեծացել եմ, կայացել որպես մարզիկ: Իսկ այս անգամ եկել եմ մասնակցելու օլիմպիական հերթափոխի հանրապետական քոլեջի երկարամյա տնօրեն, մարզական անվանի գործիչ Դերենիկ Գաբրիելյանի 70-ամյակը: Ես հենց այս մարզակառույցի սան եմ:

 

-Քո կարծիքը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մասին:

 

-Հայաստանը լավ թիմ ունի, ինչի մասին վկայում են արդյունքները: Մենք միշտ էլ ունեցել են լավ ավանդույթներ: Բայց արդյունքների նշաձողը միշտ էլ պետք է բարձրացնել: Հայաստանը արժանի է օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների: