կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-05 16:39
Սպորտ

Մինչև օլիմպիական խաղեր ձյուդոյի Հայաստանի հավաքական նոր մարզիկներ չեն հրավիրվի. Արմեն Նազարյան

Մինչև օլիմպիական խաղեր ձյուդոյի Հայաստանի հավաքական նոր մարզիկներ չեն հրավիրվի. Արմեն Նազարյան

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը ՀԱՕԿ լրատվության բաժնի հետ զրուցում խոսել է հավաքականի, առաջիկա անելիքների և թիմը համալրելու մասին:

-Պարո՛ն Նազարյան, ոչ այդքան վաղ անցյալում Դուք էլ էիք մարզվում այն տղաների հետ, որոնց այժմ մարզում եք: Հարմարվե՞լ եք մարզչի պաշտոնին:

- Մեր հավաքականից մնացել են միայն Դավթյան Հովհաննեսը և ևս մի երկու հոգի, մնացածը երիտասարդներ են (Ժպտում է): Սերնդափոխություն է եղել: Հարմարվելու խնդիր այնքանով չկա, որ ես էլ եմ իրենց հետ եղել նույն ափսեի մեջ և մարզչական աշխատանքն ինձ դուր է գալիս: Ցանկանում եմ իմ իմացած գիտելիքները փոխանցել երիտասարդներին:

-Հնարավո՞ր է, որ ապագայում Ձեր սաներն ունենաք:

-Այդ մասին դեռ չեմ մտածում: Փոքրերի հետ աշխատելը դժվար է: Միշտ ցանկացել եմ հավաքականի հետ աշխատել և ֆեդերցիան ինձ այդ հնարավորությունը տվեց: Հետագայում, եթե նման ցանկություն լինի, հնարավոր է և մարզեմ:

-Արսեն Խանջյան, Էդուարդ Կուրղինյան, Ստեփան Սարգսյան, Արամ Գրիգորյան: Այս անունները Ձեզ ինչ-որ բան հուշո՞ւմ են:

-Ձեր նշած տղաները շատ տաղանդավոր և փորձառու մարզիկներ են, ովքեր ապրում, մարզվում են Ռուսաստանում:  Ես նրանց  հետ կապի մեջ եմ և առհասարակ փորձում եմ արտերկրի մեր տաղանդավոր ձյուդոյիստներին Հայաստանի հավաքականում ընդգրկել: Դեռևս համաձայնության եկել ենք միայն Ֆերդինանտ Կարապետյանի հետ, իսկ ժամանակի ընթացքում կփորձենք համալրել հավաքականը:

-Ո՞րն է դեռևս համաձայնության չգալու պատճառը:

Առաջին հերթին դա ֆինանսական խնդիրն է: Տղաներին էլ չի կարելի մեղադրել, քանի որ նրանք, Ռուսաստանում չլինելով առաջին համարներ, ստանում են այնքան աշխատավարձ, որն այժմ այստեղ պատկերացնել հնարավոր չէ: Մինչև Օլիմպիական խաղեր ձյուդոյի Հայաստանի հավաքական նոր մարզիկներ չեն հրավիրվի:  Նպատակահարմար կլինի, որ հրավիրված ձյուդոյիստները օլիմպիական շրջանն անցնեն: Ֆերդինանտ Կարապետյանը, եթե 1 տարի շուտ համալրեր հավքականը, ապա նրա համար շատ ավելի հեշտ կլիներ ուղեգիր ձեռք բերել, քանի որ շատ ժամանակ կունենար:

-Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները աշխատավարձ ստանո՞ւմ են:

-Ֆեդերացիան աշխատում  է այդ ուղղությամբ: Կարապետյան Ֆերդինանտի համար արդեն փորձում ենք այդ նպաստավոր պայմանները ստեղծել, որպեսզի նա չընկճվի և մտածի միայն լավ գոտեմարտելու և մարզվելու մասին: Նա դեռևս երիտասարդ է և վաղվա մեր հույսն է:

-Կարծում եմ՝ Դուք նույնպես բախվել եք նմանատիպ խնդիրների, երբ մարզիկ էիք: Ի՞նչն էր Ձեզ պահում հավաքականում և մոտիվացնում:

-Այո, Հայաստանում ոչինիչ հեշտ չի լինում: Եղել են ժամանակներ, որ մեր երկրից էլ ֆինանսական աջակցություն ստացել եմ, բայց եղել է նաև այնպես, որ չեմ ստացել ոչինչ: Չնայած դրա շարունակել եմ մարզվել, ներկայացնել իմ երկիրը և արդյունքներ գրանցել:  Այդ ժամանակ ինձ օգնեց այն, որ ես ակումբային մրցաշարերի էի մասնակցում: Գրեթե 8 տարի մարզվել եմ Գերմանիայում և այդ կերպ վարձատրվել:

-Պարո՛ն Նազարյան, հաշվի առնելով Ձեր այդ փորձը՝ հնարավոր չէ՞ արդյոք Հայաստանի հավաքականից մի քանի մարզիկի նույնպես ուղարկել ակումբներ, որպեսզի այդ ֆինանսական բացը լրանա:

-Ես եվրոպական գրեթե բոլոր ակումբներից ելույթ ունեցել եմ, ճանաչում եմ նրանց գործակալներին և այժմ բանակցություններ ենք վարում, որպեսզի մեր հավաքականից մեկ կամ երկու մարզիկ մեկնեն այնտեղ և ակումբներից նույնպես ելույթներ ունենան:

-Իսկ Ռիոյի Օլիմպիական խաղերի քանի՞ ուղեգրի հույս ունեք:

-Եթե իրատես լինենք, ապա երկու՝  Հովհաննես Դավթյան և Ֆերդինանտ Կարապետյան: Ժաննա Ստանկևիչի համար բարդ կլինի հասցնել վաստակել վարկանիշային այդ միավորները: Նա պետք է ընդգրկվի լավագույն 14 ձյուդոյիստների ցանկում:

-Ի՞նչ ծրագրեր ունենք առաջիկայում:

-Այժմ շաբաթը երկու անգամ հավաքականի հետ մարզվում ենք Երևանում: Մարտ ամսվա վերջից մեկնելու ենք մրցաշարերի, հավաքների և գրեթե 2 ամիս Հայաստանում չենք լինի: Դավթյան Հովհաննեսը կմասնակցի ուսումնամարզական հավաքի և Եվրոպայի առաջնությանը: Ֆերդինանտ Կարապետյանը մարտի 25-ին պետք է մասնակցի Վրաստանում կայանալիք Գրան Պրիին, որից անմիջապես հետո կմեկնենք Թուրքիա, որտեղ կմասնակցենք վարկանիշային մրցաշարի: Այնուհետև թիմը ուսումնամարզական հավաք կանցկացնի Սոչի քաղաքում և 6 մարզիկով կմասնակցենք Կազան քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: