կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-19 14:58
Տնտեսական

Միայն 3 կոնկրետ ցուցանիշ` նոր կառավարության ծրագրում

Միայն 3 կոնկրետ ցուցանիշ` նոր կառավարության ծրագրում

Նոր կառավարությունն այնքան էլ չի տարբերվում հնից` ծրագրում բազմաթիվ են ցանկություններն ու բարեմաղթանքները, քիչ` ակնկալվող ցուցանիշները, կոնկրետ նպատակային գործողությունների նկարագրությունները, վատ, բավարար եւ լավ արդյունքների նկարագրությունները, կոնկրետ դրույթներին վերաբերող ռիսկերի գնահատումը, ուժեղ եւ թույլ կողմերի վերլուծությունը և այլն:

 

Բայց, այնուամենայիվ, մի բան նոր կառավարության ծրագրում աչքի է զարնում անմիջապես առաջին հայացքից: Ի տարբերություն նախորդ կառավարության ծրագրերի, որտեղ կային բազմաթիվ ճոխ ու երանելի «նպատակներ, թիրախներ», նոր կառավարությունը սահմանափակվել է միայն` երեք թիրախ ցուցանիշ հստակ նշելով:

 

Կառավարությունն իր` այսօր հաստատված ծրագրի իրականացմամբ 2014-2017 թվականների ընթացքում նպատակադրում է՝ «զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ` 5 տոկոս աճի միջոցով», երկրորդ` «նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչև 65000 դրամի» եւ երրորդ` «աղքատության կրճատման ապահովում՝ 10 տոկոսային կետով»: Համեմատելու համար հիշեցնենք Տիգրան Սարգսյանի կառավարության վերջին ծրագրի նպատակադրումները, որոնք, ի դեպ, սկսեցին լուրջ քննադատվել հենց առաջին տարում, երբ պարզ էր, որ նախանշված նշաձողերն անհաղթահարելի են:

 

Նախորդ կառավարության ծրագրում, որպես նպատակադրում, նշվում էր. «Տնտեսական աճը՝ 5-7 տոկոս, ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի պահպանում, նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնապատկում, նվազագույն աշխատավարձի/աղքատության գծի համեմատ առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում, ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչեւ «1,8», 5-6 տարեկան երեխաների առնվազն 90 տոկոսի համար նախադպրոցական կրթության հասանելիության ապահովում, միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակային մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ առնվազն 125 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով, 100 հազարից ավել նոր աշխատատեղերի ստեղծում, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ համախառը ներքին արդյունքի նկատմամբ 0,3-0,4 տոկոսային կետի չափով»:

 

Համեմատելով` արդեն պարզ երեւում է` ոչ միայն խոստումների թվաքանակն է նվազել, այլեւ խոստացվող ցուցանիշների մակարդակը, օրինակ` ՀՆԱ աճի` նախորդ 5-7 տոկոսի փոխարեն, որը չիրականացավ ու բազմաթիվ հիմնավոր քննադատությունների արժանացավ, այժմ նպատակադրվում է ապահովել ընդամենը 5 տոկոս ՀՆԱ աճ, իսկ աշխատավարձերը ոչ թե կրկնակի կամ եռակի բարձրացնել, այլ ընդամենը 40-45 տոկոսով:

 

Ինչ խոսք, ավելի իրատեսական եւ հասանելի են նոր ծրագրում նպատակադրված թվերը: Կառավարության նոր ծրագիրն, ըստ ոլորտների, ավելի մանրամասն կներկայացնենք հաջորդիվ: