կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 14:36
Քաղաքական

Կառավարության նախորդ ծրագրում դեկլարատիվ մասը մի քիչ ավելի շատ էր. արդարադատության նախարար

Կառավարության նախորդ ծրագրում դեկլարատիվ մասը մի քիչ ավելի շատ էր. արդարադատության նախարար

Արդարադատության նախարարը չի դատում, այլ գործառույթներ ունի. լրագրողներին այսօր ասաց արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը' պատմելով, որ այսօր, երբ ինքը մտնում էր կառավարություն, շենքի դիմաց կյանգնած էին մարդիկ, ովքեր հետեւյալ արտահայտությունն արեցին' «հիմա կտեսնենք' արդարադատության նախարարն արդար կդատի՞, թե՞ չէ»...Նախարարի խոսքով' մարդիկ դատական համակարգը եւ արդարադատության համակարգը շփոթում են:

 

Արդարադատության նախարարության համակարգում լուրջ փոփոխություններ, ըստ նախարարի, միանշանակ սպասվում են: Լրագրողների ճշտող հարցին' կադրային ջա՞րդ, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Կադրային ջարդը լուրջ փոփոխություն չէ, լուրջ փոփոխությունը գրագետ կադրային քաղաքականությունն է»:

 

Կադրային փոփոխություններ նույնպես կլինեն նախարարությունում, նախարարի խոսքով' «բնականաբար»:

 

Լրագրողները հետաքրքրվեցին' նորանշանակ նախարարը հրաժարական տված փոխնախարար Արամ Օրբելյանին հետ' աշխատանքի կհրավիրի՞: Հովհաննես Մանուկյանը նշեց, թե անձամբ առաջարկել է հրաժարական տված փոխնախարարին' շարունակել համագործակցությունը, բայց նա գերադասել է մասնավոր սեկտորում աշխատել:

 

Ոլորտը, ըստ նախարարի, այսօր ունի բազմաթիվ խնդիրներ: Դրանցից ամենակարեւորներից մեկը նա համարում է հասարակության վստահությունը նախարարության նկատմամբ, որն իրենք փորձելու են բարձրացնել:

 

Կառավարության անդամների անարդյունավետ աշխատանքի դեպքում ճանապարհների բաժանման վերաբերյալ` վարչապետի հայտարարության կապակցությամբ նախարարը նշեց, որ շատ ճիշտ արտահայություն է: «Կարծում եմ, որ իրեն հարգող նախարարը կամ քաղաքական գործիչը, եթե զգաց, որ չի կարողանում  իր առջեւ դրված խնդիրներն իրականացնել, ինքը պետք է հրաժարական տա ու չսպասի վարչապետին»,- նշեց Մանուկյանը:

 

Անդրադառնալով նախորդ կառավարության ծրագրին` նորանշանակ նախարարը նշեց, թե չի գնահատի' իրատեսական էր, թե` ոչ, նա միայն նշեց. «Շատ ավելի ընդհանուր ձեւակերպումներով էր հանդես գալիս, դեկլարատիվ մասը մի քիչ ավելի շատ էր»: