կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-18 13:11
Քաղաքական

ՀՅԴ-ՀՀԿ հուշագրի գրեթե բոլոր դրույթները արտացոլված են կառավարության ծրագրում. ՀՅԴ-ն գոհ է

ՀՅԴ-ՀՀԿ հուշագրի գրեթե բոլոր դրույթները արտացոլված են կառավարության ծրագրում. ՀՅԴ-ն գոհ է

ՀՅԴ-ն ծանոթ է կառավարության ծրագրին: «Իհարկե, տեղյակ ենք, մենք կոալիցիայի մեջ ենք»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ նախապես իրենց էլ են ներկայացրել ծրագիրը:

«Մենք այսօր վարչապետի հետ էլ ենք հանդիպել: Մեր հիմնական ակնկալիքներն արդարացել են, որովհետև մենք ասում էինք, որ այս ծրագիրը պետք է լինի կոնկրետ»,- ասաց պատգամավորը:

Ըստ Ռուստամյանի՝ կառավարության ծրագիրը պետք է արտացոլեր ՀՅԴ-ՀՀԿ հուշագրի դրույթները: «Գրեթե 90 տոկոսով, եթե ոչ ավելի, հուշագրի բոլոր դրույթներն արտացոլված են կառավարության ծրագրում»,- շեշտեց դաշնակցական պատգամավորը:

Հարցին էլ, թե ի՞նչ մտահոգություններ ունեն կամ ի՞նչ դիտարկումներ են արել հանդիպման ժամանակ, Ռուստամյանն արձագանքեց. «Մեր քննարկման ուղղությունը եղել է այն, որ հուշագրին /ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագիր-խմբ./ համապատասխանի կառավարության այս ծրագիրը, ինչպես նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին համապատասխանի, հակաճգնաժամային բնույթի քայլեր իրականավեն: Իրականությունը հենց այդպիսին է և այդ գնահատականով էլ վարչապետը ստանձնել է այս պաշտոնը»:

Պատգամավորի խոսքով` կառավարության ծրագիրը կարճաժամկետ չէ: «Ծրագրի ժամկետները տարբեր են՝ կախված տարբեր խնդիրներից: Ծրագիրը չի կաշկանդվել նրանով, որ կառավարությունը մինչև ապրիլ է գործելու: Վարչապետը դրանով չի կաշկանդվել: Չի կարելի միայն վեց ամսվա համար բան գրել և ասել` այսքանն է, ես սրանով պետք է սահմանափակվեմ: Ի վերջո, իրավահաջորդ կլինի, ուստի վարչապետի դիրքորոշումը ճիշտ է»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ կառավարության ծրագրի ձախողումը կլինի ամբողջ երկրի ձախողումը: Ըստ նրա՝ կառավարության այս ծրագիրը շատ բաներով է տարբերվում մյուս ծրագրերից: «Նախ` նրանով, որ արտացոլում է մեր հուշագրի դրույթները, հետո շատ բաներ են կոնկրետացված, կան կոնկրետ նպատակներ և թիրախներ, կոնկրետ ժամկետներ»,- եզրափակեց պատգամավորը: