Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ նա իրավացիորեն առաջնահերթություն է համարում ժողովրդագրական խնդիրը: Պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է, որ ժողովրդագրական խնդիրը լուծելու ենք նաև հայրենադարձության միջոցով: «Կառավարության ծրագրում` Սփյուռք բաժնում, ես չէի ակնկալում գտնել ամբողջական հայեցակարգ, բայց գոնե պետք է լինեին որոշակի թիրախային կետեր, որոնք և' մեզ, և' սփյուռքահայ բարեկամներին պետք է ուղղորդում տային և ներշնչեին՝ վստահելով հայրենիք վերադառնալ և որոշ ակնկալիքներ ունենալ»,- ասաց Առաքելյանը:
Նա նշեց նաև, որ, բացի այդ, մարզերի համաչափ զարգացման հայեցակարգը վարչապետը նույնպես կարևորում է, սակայն Առաքելյանը կառավարության ծրագրում չի գտել հատկապես սահմանամերձ համայնքներում ապրողների համար որոշակի արտոնությունների մասին դրույթ, կամ` թե այդ բնակավայրերն ինչպե՞ս են վերաբնակեցվելու:
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ ժողովրդագրության խնդիրը, իհարկե, հայրենադարձության, բայց նաև ընտանիքի նկատմամբ մեր վերաբերմունքով պետք է լուծվի: «Ես 4 երեխա ունեմ, և հույս ունեմ, որ սա տարածված երևույթ կդառնա Հայաստանում: 2-3 օր առաջ Էդմոն Մարուքյանը 3-րդ երեխան ունեցավ… Իհարկե, սա նույնպես կարևոր է, որ մենք, ընտանիքի վրա հենված հասարակություն ու պետություն ունենալով, այդ խնդիրը լուծենք»,- ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է հայեցակարգերին, ապա նշված բոլոր հայեցակարգերը մինչև հիմա արդեն ընդունված են, և դրանց մեջ չկա մի կետ, որ ասեն՝ «վայ, էս ինչ վատ բան է գրված»: «Հայրենադարձությանն ի՞նչն է խանգարել՝ կոռուպցիան, անարդարության զգացումը, ապօրինությունը: Իմ կարծիքով՝ այն, ինչ դրել ենք ծրագրում, այդ ամենով հայրենադարձությանը խոչընդոտող գործոններ են: Մեզ ասում են՝ ինչո՞ւ չեք գրել, որ տնտեսական աճը կլինի այսքան տոկոս: Շատ պարզ պատճառով՝ գրենք, որ գնանք հանքերը քանդենք, եռակի ավելի վաճառենք դրսին, որ ասենք՝ այդ տոկոսն ապահովեցինք: Մենք ավելի կարևոր ենք համարում վերացնել այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս երկրին զարգանալ»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով պատգամավորի հնչեցրած՝ մարզերի զարգացման մասին հարցին, վարչապետը նշեց, որ ներդրումների այն մեծ հետաքրքրությունը, որ կա, հույս ունեն, որ կվերածվի ներդրումային բումի: «Նաև հարկային օրենսգրքի փոփոխություններով պետք է դիտարկենք հարկային գոտիականության մեխանիզմը, որպեսզի հնարավորություն ունենանք պոտենցիալ ներդրողներին ուղղորդելու դեպի մարզեր, որպեսզի մարզերը զարգացման նոր շունչ ստանան: Նկատի ունեմ՝ ամեն ինչ չէ, որ պետք է դնել իր վերնագրով՝ կոռուպցիան խոչընդոտում է ամեն ինչին, և եթե հաղթահարում ենք կոռուպցիան, իսկ ես վստահ եմ, որ կհաղթահարենք, նշանակում է, որ բացում ենք այն խաչմերուկը, որից ճանապարհներ են դուրս գալիս և' դեպի հայրենադարձություն, և' դեպի մարզերի զարգացում»,- ասաց Փաշինյանը:
Առաքելյանն արձագանքեց՝ ասելով, որ, իր կարծիքով, կառավարության ծրագիրը որքան էլ քաղաքական է, պետք է ունենար որոշակի ազդակներ կոնկրետ հայրենադարձության պարագայում: «Ես միայն սփյուռքահայերի մասին չեմ խոսում, որոնք ճակատագրի բերումով դրսում են ապրում, այլ վերջին տարիներին Հայաստանից հեռացածների մասին: Այս մարդիկ պետք է առնվազն երաշխիքներ փնտրեն ու գտնեն, որ վստահ վերադառնան հայրենիք»,- ասաց նա:
Փաշինյանն էլ նշեց, որ իրենց աշխատանքային ծրագիրը հետևյալն է՝ կառավարության ծրագիրն ԱԺ-ում ընդունվելուց հետո կառավարությունում կընդունեն այդ ծրագրից բխող միջոցառումների ցանկ: «Այն հայեցակարգերը, որոնք ընդունվել են նախկինում, և որոնք մենք չեղյալ չենք անի, այդ բոլորի ուղղությամբ կաշխատենք»,- ասաց նա: